Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ գործակցությունը
20:32 - 25 փետրվարի, 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ գործակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ փետրվարի 25–ին, ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային փոխնախագահ Ջորջինա Բեյքերի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետը   բարձր է գնահատել  և կարևորել ՄՖԿ-ի հետ համագործակցությունն ու կազմակերպության դերը Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հարցում:  Միջազգային ֆինանսական կորպորացիան, ըստ Մհեր Գրիգորյանի, սերմանում է մշակույթ, որը համահունչ է կառավարության մշակած ոլորտային ռազմավարություններին:   Գրիգորյանը նշել է, որ ՄՖԿ-ի հետ գործակցությունը բարձրացնում է բիզնեսների թափանցիկությունն ու թույլ է տալիս նրանց ճիշտ մշակել իրենց գործունեության հիմնական սկզբունքները:

Ջորջինա Բեյքերը նշել է, որ սա որպես ՄՖԿ տարածաշրջանային փոխնախագահի՝ իր առաջին այցն է Հայաստան, որի շրջանակում ինքն անձամբ ծանոթանում է Հայաստանի տնտեսության ներկա վիճակին՝ հասկանալու համար կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ-ի կողմից հնարավոր մասնակցության ձևաչափերը:  Տիկին Բեյքերը շնորհավորել է ՀՀ կառավարությանը երկրի էական տնտեսական աճի կապակցությամբ և գոհունակությամբ խոսել մասնավորապես տուրիզմի ոլորտում ձեռքբերումների մասին:

Հյուրի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ կան ՄՖԿ-ի հետ համագործակցության լայն հնարավորություններ: Մհեր Գրիգորյանն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Զրուցակիցները երկուստեք հաստատել են հայկական ստարտափների զարգացման մեծ ներուժի առկայությունը, ինչպես նաև անդրադարձել տարբեր ոլորտներում հնարավոր ՊՄԳ ծրագրերի իրականացմանը և դրանցում ՄՖԿ մասնակցության հեռանկարին:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել