azatutyun.am:  ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, թե Ռուսաստանն ու Չինաստանը «արյունոտել են ձեռքերը»՝ արգելափակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը առաջարկում էր ևս 1 տարով երկարաձգել մարդասիրական օգնության տրամադրումը արդեն 8 տարի ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող Սիրիային:

«Ռուսաստանն ու Չինաստանը վետո կիրառեցին մի փաստաթղթի վրա, որով օգնություն էր հասցվելու միլիոնավոր մարդկանց», - հայտարարել է Փոմփեոն՝ կատարվածը որակելով ամոթալի քայլ:

Ռուսաստանը դեմ էր դրույթին, ըստ որի օգնությունը պետք է տրամադրվեր ՄԱԿ-ի վերահսկողության ներքո՝ առանց պաշտոնական Դամասկոսի միջամտության: Կրեմլը, որ մի քանի տարի է՝ աջակցում է Սիրիայի նախագահին, շրջանառության մեջ էր դրել սեփական բանաձևը: Այն, սակայն, չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ և տապալվել է:

Փաստացի ՄԱԿ-ի կողմից Սիրիային օգնության տրամադրման մանդատն ավարտվում է առաջիկա հունվարի 10-ին: Կողմերը պնդում են, թե կշարունակեն բանակցությունները՝ հանգուցալուծման հասնելու համար: