aysor.am: Փոքր ավիացիայի զարգացման քայլերն արդեն սկսվել են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Երկու փոքր «Սեսնա» օդանավ ենք գրանցել: Այս տարվա ընթացքում օդապարիկ էլ ենք գրանցել: Քայլերն արդեն սկսվել են», - ասաց նա:

Ռևազյանն ընդգծեց, որ այս ոլորտում կան խնդիրներ, քանի որ քաղավիացիան սովոր չի եղել փոքր ավիացիայով զբաղվել, մինչդեռ այս պահին քաղավիացիան փորձում է վեր հանել առկա խնդիրները և գտնել լուծումներ: Ռևազյանը, մասնավորապես, ընդգծեց, որ նախատեսվում են օրենքով փոփոխություններ կատարել:

«Մեր առաջարկը պատրաստ է. գերթեթև՝ մինչև 450 կգ, օդանավերի հետ կապված օրենքը փոխենք: Հիմա ՀՀ-ում այդ օդանավերը գրեթե անհնար է գրանցել», - ասաց նա: