Քաղաքապետարանը չի բացառում, որ «Ալեքսանյանների ընտանիք»-ին տրված մանկապարտեզի շենքը վերադարձվի |armtimes.com|
09:48 - 10 ապրիլի, 2019

Քաղաքապետարանը չի բացառում, որ «Ալեքսանյանների ընտանիք»-ին տրված մանկապարտեզի շենքը վերադարձվի |armtimes.com|

armtimes.com: Երեւանում գործող մանկապարտեզներից ժամանակին օտարված տարածքները կրկին իրենց բուն նպատակին ծառայացնելու եւ նոր խմբասենյակներ ձեւավորելու վերջերս մեկնարկած գործընթացի շրջանակում հնարավո՞ր է վերադարձվի նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրը, որի շենքն ու հողատարածքը 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման է հանձնված «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Խոսքը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքի մասին է:

Երեւանի քաղաքապետարանն այդ հնարավորությունը չի բացառում: Պատասխանելով մեր հարցմանը՝ աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացնում են.

«Վարչական շրջանի ղեկավարը Երեւանի քաղաքապետի կողմից լիազորվել է համայնքային սեփականություն հանդիսացող գույքային միավորների արդյունավետ կառավարմանն ուղղված աշխատանքների կազմակերպման շրջանակներում անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելու նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքներում այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից զբաղեցրած տարածքների վերաբերյալ կնքված օգտագործման պայմանագրերից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612, 624, 697, 685, 468 հոդվածների համաձայն միակողմանի հրաժարվելու, ազատելու, ինչպես նաեւ հետագա օգտագործման հիմնավորվածության եւ նպատակահարմարության հարցը քննարկելու ուղղությամբ, որի շրջանակներում ենթակա է քննարկման նաեւ այս հարցը»:

Երեւանի քաղաքապետարանից նաեւ հայտնում են, որ Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրը լուծարվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 2008 թվականի հոկտեմբերին ընդունված համապատասխան որոշմամբ:

Նույն որոշմամբ էլ լուծարման գործընթացի ավարտից հետո կազմակերպությանը պատկանող շինությունը եւ դրանով ծանրաբեռնված հողամասն անհատույց օգտագործման իրավունքով 50 տարի ժամկետով տրամադրվել է «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ որպես մանկապարտեզ-դպրոց: Քաղաքապետարանի տեղեկացմամբ, կազմակերպությունը պարտավորվել էր մանկապարտեզն ապահովել գույքով եւ սարքավորումներով, հոգալ մանկապարտեզ հաճախող երեխաների սննդի, հանգստի ծախսերը, լուծել մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձի խնդիրները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել