Քաղաքապետ Մարությանն ավագանու նիստում հնչած խնդիրների հարցով խորհրդակցություն է հրավիրել
20:45 - 29 ապրիլի, 2020

Քաղաքապետ Մարությանն ավագանու նիստում հնչած խնդիրների հարցով խորհրդակցություն է հրավիրել

Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստում բարձրացված խնդիրներին լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մի շարք ոլորտների պատասխանատուների հետ:

«Կարծում եմ՝ այս պրակտիկան շատ ճիշտ է, որ հենց ավագանու նիստից հետո այն հարցերը, որոնք բարձրացվում են մեր գործընկերների՝ ավագանու անդամների կողմից, սկսեն միանգամից իրենց լուծումները ստանալ: Իրապես գործադիրը զգում է, որ որոշակի կետեր կան, որոնք ավելի մեծ ուշադրություն են պահանջում»,- ընդգծել է քաղաքապետը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղիներին՝ քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի այլ վարորդների կողմից դրանց օգտագործումն արգելելու ուղղությամբ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կայանատեղիները պետք է ավելի պաշտպանված լինեն և միգուցե, եթե հնարավոր է, ավելի շատանան: Սա ինձ համար շատ կարևոր հարց է, և ես կակնկալեմ նաև մեր գործընկերների՝ ոստիկանության միջամտությունն այդտեղ: Հետագայում, կարծում եմ, օրենքների փոփոխության անհրաժեշտություն կլինի, և ես ակնկալում եմ նաև ԱԺ մեր գործընկերների կողմից աջակցություն»,- նշել է Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերում վերջին տարիներին զգալի տեղ է զբաղեցնում նոր մայթերի կառուցումն ու բարեկարգումը: Քաղաքապետն ընդգծել է, որ մայթերը հետիոտնի համար պետք է լինեն ավելի հասանելի և հարմարավետ:

«Բոլորին հայտնի է և իմ, և ձեր դիրքորոշումն այստեղ, որ մենք միշտ մայթերի կողմից ենք, և եթե ընտրություն կա, որը լայնանա, որը նեղանա, մենք կողմնակից ենք մայթերի լայնացմանը, որպեսզի մարդիկ իրենց ավելի հարմարավետ զգան իրենց քաղաքում: Իսկ վարորդները պետք է համակերպվեն այն իրավիճակի հետ, որը կա: Այո՛, մեծ քաղաքներում, բազմամարդ քաղաքներում և տրանսպորտով լի քաղաքներում այնպես է արվում, որ վարորդները պետք է հրաժարվեն կամ նվազագույնի հասցնեն ավտոմեքենայով կենտրոն գալու պրակտիկան: Ուրիշ տարբերակ մենք չունենք կենտրոնը բեռնաթափելու»,- ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության ընթացքում քաղաքապետն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի մուտքը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու խնդրին: Հանձնարարվել է կիրառել լուծում՝ մի կողմից մուտքը մատչելի դարձնելու, մյուս կողմից՝ քաղաքապետարանի շենքի ճարտարապետական տեսքը անխաթար պահելու համար: Մատչելիության սկզբունքով լուծումներ կտրվեն նաև վարչական շրջանների շենքերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել