Քաղցրաշենում վիճակն այնպիսին չէ, ինչպես ներկայացնում են ակցիայի մասնակիցները․ Արարատի մարզպետի օգնական |factor.am|
12:38 - 16 հուլիսի, 2019

Քաղցրաշենում վիճակն այնպիսին չէ, ինչպես ներկայացնում են ակցիայի մասնակիցները․ Արարատի մարզպետի օգնական |factor.am|

factor.am: Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի դիմաց․ նրանք պահանջում էին լուծել ոռոգման ջրի հարցը, իսկ եթե կենցաղային այդ հարցը չեն կարողանում լուծել, ապա փոխել համայնքի ղեկավարին ու մարզպետին։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի օգնական Գևորգ Մանուկյանը նշեց, որ իրավիճակը Քաղցրաշենում այնպիսին չէ, ինչպես ներկայացրին ակցիայի մասնակիցները։

«Քաղցրաշենցիներին լսել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գյուլյանը և կտա նաև նրանց հարցերի պատասխանները։ Մարզպետարանը Ջրային կոմիտեից տվյալներ է ստացել, ըստ որի, ջրի խնդիրն այնքան էլ հրատապ վիճակում չէ, ինչպես ներկայացնում են։ Քաղցրաշենցիներն այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ ճիշտ բնորոշումներ չտվեցին մարզպետարանի աշխատանքին, քանի որ շաբաթ օրը մարզպետարանում նրանց ընդունել ու խնդիրը լսել ենք։

Մենք հետևողական ենք եղել այդ խնդրին, նրանց առաջարկել ենք ոռոգման ջրի խնդրի կարգավորման համար նախևառաջ ջրօգտագործման պայմանագրեր կնքել, բայց այդ նույն բողոքավորների մեջ կան մարդիկ, որոնք հրաժարվել են»,- ասաց Մանուկյանը։ Պաշտոնյան մեզ առաջարկեց գնալ և բողոքի ակցիա անցկացնող քաղցրաշենցիների այգիներն անձամբ նայել՝ իր ասածների մեջ համոզվելու համար։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր չլսեց քաղցրաշենցիներին՝ Մանուկյանը պատասխանեց․ «Գարիկ Սարգսյանը Երևանում է և մասնակցում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ընթացող խորհրդակցությանը»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել