Քաշաթաղում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել․ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ
22:52 - 01 ապրիլի, 2020

Քաշաթաղում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել․ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը պնդում է՝ Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում երեկ տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ քաղաքացի Հարություն Կարապետյանի հրապարակած տեսանյութում, որտեղ, ըստ վերջինիս մեկնաբանության, Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա, քաղաքական գեթ մեկ խոսք անգամ չի հնչում։

«Մուշ համայնքի մեր կուսակցական ակտիվիստներից ճշտել եմ, պարզվում է՝ երեկ իսկապես տեղի է ունեցել քաշքշուք, բայց բոլորովին ոչ քաղաքական իրավիճակով պայմանավորված։ Մարդիկ իրար քաշքշել են կենցաղային հողի վրա, գյուղապետը միջամտել է, որպեսզի ծեծկռտուք տեղի չունենա, այդ սովորական կենցաղային միջադեպը այսօր որոշ մարդիկ փորձում են քաղաքականացնել»,- մեր զրույցում ասաց Պողոսյանը՝ այս դեպքում նկատի ունենալով Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Վերջինս քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ խիստ մտահոգիչ են Քաշաթաղից ստացվող լուրերը։ Այդ լուրերի համաձայն, ինչպես գրել է Իոաննիսյանը, Մուշի գյուղապետ Պետրոս Ավետիսյանը քվեարկության օրվա ցերեկը շրջել է գյուղով՝ գոռալով՝ «տենց մեկը չի ծնվել, որ ինձ դեմ գնա, առավել ևս՝ Արայիկին, տենց մեկը լինի՝ ոտերը կջարդենք»:

Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը վրդովված է այս գրառումից․ 

«Չի կարելի է պարզապես ճշտված տեղեկությունների հիման վրա մեղադրնքներ հնչեցնել քաղքական որեւէ կուսակցության կամ որեւէ թեկնածուի հասցեին։ Դա հասարակությանն ապակողմնորոշելու եւ սխալ կարծիք ձեւավորելու մեթոդ է, վրդովեցուցիչ է մեզ համար։ Մենք էլ կարող ենք ամեն օր ինչ-որ մեկի վերաբերյալ հայտարարություն անել։ Պարոն Իոաննիսյանի արարքը մեզ համար ըդնունելի չէ, նա փորձում է իր դիրքն օգտագործելով սխալ կարծիք ձեւավորել»։

Մեր ճշտող հարցին՝ թեեւ պնդում են, որ կենցաղային հողի վրա է եղել միջադեպքը, այնուամենայնիվ գյուղապետը  Հարությունյանի աջակի՞ցն է, Վահրամ Պողոսյանն այնպես պատասխանեց․

«Մենք այս պահին ունենք 173 համայնքի ղեկավարներ, որոնք մեր համակիրներն են, բայց կրկնում եմ՝ դեպքը քաղաքական ենթատեքստ չունի։ Ի՞նչ կապ ունի գյուղապետը մեր աջակիցն է, թե ոչ։ Ցանկացած կենցաղային միջադեպի ժամանակ կարող են հայտնվել ե՛ւ մեր, ե՛ւ մյուսների աջակիցները։ Բայց չի կարելի կենցաղային մակարդակի քաշքշուկը կապել «Ազատ հայրենիք» կուսակցության, կամ մեկ այլ կուսակցության հետ»,- եզրափակեց Արցախի նախագահի թեկնածուԱրայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 

Հիշեցնենք, քաղաքացի Հարություն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր տեսանյութեր, որտեղ ծեծկռտուքի տեսարաններ էին։ Տեսանյութի մեկնաբանության բաժնում քաղաքացին գրել է, որ հենց այս պահին ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա: 

Արցախի ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ հանցագործության մասին քաղաքացու հաղորդումն ընդունել են, ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել