Քննարկվել են Սեւանա լճին վերաբերող խնդիրներ |armtimes.com|
05:24 - 14 հունիսի, 2019

Քննարկվել են Սեւանա լճին վերաբերող խնդիրներ |armtimes.com|

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի եւ ԱՄՆ ՄԶԳի հետ համատեղ Սեւան քաղաքում հունիսի 13-ին կազմակերպել էր «Սեւանա լիճ՝ հիմնախնդիրներ եւ լուծումներ» թեմայով աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի, ինչպես նաեւ բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը կարեւորելով նմանատիպ քննարկումների անցկացումը՝ նշել է, որ դրանց ընթացքում մանրամասն հնարավոր է լինում մասնագետների հետ վեր հանել, բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները, առաջարկել համապատասխան լուծումներ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է Սեւանա լճի պետական զարգացման քաղաքականությունը եւ իրականացվող քայլերը: Խոսելով լճի մաքրման աշխատանքների մասին՝ զեկուցողը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է 98հա տարածքի մաքրում, իսկ մնացած հատվածը՝ հաջորդ երկու տարում: Նախարարն անդրադարձել է լճի ջրավազանի, գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացմանը, դրանց ֆինանսավորմանը: Նշվել է, որ վերջերս խորհրդարանն ընդունել է «Ջրային օրենսգրքում» փոփոխություններ նախատեսող նախագիծ, ըստ որի՝ սահմանվել են այն գետերի ցանկը, որոնց վրա արգելվելու է ՀԷԿ-երի կառուցումը: Էրիկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզի հիմնական մեծ գետերը եւս ներառված են այդ ցանկում: Բանախոսը նշել է, որ մշակվել եւ Քաղաքաշինական կոմիետի հետ քննարկվել է Հայաստանի ձկներին բնորոշ ձկնուղիների կառուցմանն առնչվող կարգավորում, համաձայն որի՝ գործող ՀԷԿ-երը փոփոխություն կկատարեն իրենց ձկնուղիների համակարգում: Նախարարը մտահոգություն է հայտնել Զոդիի տարածաշրջանում ծանր մետաղներով թափոնակույտերի առկայության վերաբերյալ: Զեկուցողը խոսել է նաեւ ջրային ռեսուրսների՝ մասնավորապես Սեւանա լճի բնապահպանական քաղաքականությունից՝ ընդգծելով, որ նախատեսվում է փոխհատուցման համակարգից անցում կատարել կանխարգելման:

Ոլորտի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են ՀԷԿ-երի եւ ցանցավանդակային ձկնաբուծարանի փակմանը, նոր ջրամբարների կառուցմանը, Սեւանից լրացուցիչ ջրառի բացթողնման անթուլատրելիությանը, ՀԷԿ-երում ստուգումների իրականացման անհրաժեշտությանը, ձվադրման շրջանում ձկնագողությանը, լճի տարածքում ապօրինի շինություններին, թերակղզու տարածքի աղտոտվածությանը:

Ամփոփելով քննարկումը՝ Վարազդատ Կարապետյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները կկազմակերպեն երկու ամիսը մեկ անգամ՝ ծանոթանալու կատարված աշխատանքների ընթացքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել