Քննարկվել են Սևանա լճի էկոհամակարգի բարելավման միջոցառումները
10:24 - 04 մարտի, 2020

Քննարկվել են Սևանա լճի էկոհամակարգի բարելավման միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում, որն ուղղված էր Սևանա լճի հիմնախնդիրների լուծմանը։ Քննարկումը վարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ), «Վեոլիա ջուր» ՓԲ, «Գեոկոմ» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչները և շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների ղեկավարները։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրների կարգավորման համար անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները։
Նախարարության մասնագետները ներկայացրել են Սևանա լճի առկա վիճակը, կեղտաջրերի մաքրմանն առնչվող խնդիրների լուծումները, գետահուների մաքրման ծրագիրը և Սոթքի լքված պոչամբարի ուսումնասիրության արդյունքները։

ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն անդրադարձել է Սևանա լճի հիմնախնդիրներին ուղղված առաջնահերթություններին, մասնավորապես՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ համատեղ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներին ու համատեղ իրականացվող միջոցառումներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել