24news.am: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակի գործունեության մասին ԱԺ-ին ներկայացրած՝ 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ անդրադարձել է Մարտի 1-ի քրգործին, գործով անցնող մեղադրյալներին, ազատազրկման մեջ գտնվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին։

Ըստ ՄԻՊ-ի տարեկան հաղորդման՝ ՀՀ գլխավոր դատախազությանն և ՀՔԾ-ի հարցումների պատասախնների համաձայն՝ Մարտի 1-ի քրգործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, մեղավոր անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով հարցաքննվել են վկաներ, հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ - հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ, կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ։

Ըստ աղբյուրի՝ որպես վկա հարցաքննվել են 1000-ից ավելի անձինք, քաղաքացիներից և պետական տարբեր հիմնարկներից կատարվել են  85 առգրավումներ, կատարվել են 40-ից ավելի խուզարկություններ, նշանակվել է 23 փորձաքննություն, փորձաքննության է ներկայացվել ավելի քան 146 միավոր հրազեն և մեծ քանակությամբ զինամթերք:
Պաշտպանն անդրադարձել է նաև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին։

«Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից», -նշել է ՄԻՊ-ը իր տարեկան հաշվետվության մեջ։

Պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում ՀՀ 2-րդ նախագահի կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք ուղղվել են համապատասխան պետական մարմիններին․ դրանք են ՔԿՀ-ի խցում համակարգիչ կամ էլէկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև մերձավոր ազգականների՝ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների, հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցերը:

Արդյունքում պաշտպանի միջամտությամբ Քոչարյանին տրամադրվել է խցում առանց ինտերնետ համացանցի հասանելիության համակարգիչ կամ համարժեք էլէկտրոնային միջոց ունենալու թույլտվություն:

Մասնակի վերացվել է նաև մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների, հեռախոսային խոսակցությունների արգելքը: Արգելքը պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրգործով վկայի դատավարական կարգավիճակ ունի:
Վերացվել է նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը:
«Ձեռնպահ մնալով քրեական վարույթի ընթացիկ գործով որևէ գնահատական տալուց՝ Մարդու իրավունքների պաշտպանն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հանրային բարձր հետաքրքրություն ունեցող քրեական գործեր քննելիս պետությունը ստանձնում է առավել պատասխանատվություն հետևողականորեն երաշխավորելու քրեորեն հետապնդելի արարքում մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը», - նշվում է պաշտպանի տարեկան զեկույցում։