aysor.am: Ինձ համար այդ երևույթը գոյություն ունի այնքանով, որքանով իրավական է, որևէ ազդակ կամ քաղաքական նշանակություն չի ազդում իմ որոշումների վրա: Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Արցախի երկու նախագահների կողմից իրեն ուղղված նամակը ներքին ազդակ չէ։

Դիտարկմանը, որ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են հաջորդ դատական նիստի ժամանակ ներկայացնել Արցախի նախագահների նամակն ու երաշխավորման հիմքերը, և դատախազությունը պարտավոր է անդրադառնալ այդ նամակին` Դավթյանն ասաց.

«Դատախազությունն արդեն այդ փուլում՝ որպես կողմ, դիրքորոշում է հայտնելու։ Եթե չեմ սխալվում, նիստը լինելու է ամսի13-ին: Դատախազությունը կներկայանա և այդ օրն իր դիրքորոշումը կհայտնի»։

Հարցին՝ արդյոք մինչև հիմա գտնում է, որ ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու հիմքեր կա՞ն՝ հաշվի առնելով, որ նախաքննությունն ավարտվել է, դատախազն արձագանքեց.

«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմքերին մեր նախաձեռնությամբ անդրադառնալու մեր լիազորությունը սպառվեց ապրիլի 29-ին, երբ մենք գործն ուղարկեցինք դատարան: Մենք չփոխեցինք կալանքի միջոցը, դա նշանակում է՝ այդ պահին մեր որոշման տիրույթում մենք այդ կարծիքին էինք: Քննության հետագա փուլերում յուրաքչանյուր կոնկրետ իրավիճակին բնորոշ մենք արդեն ոչ թե որոշող ենք, այլ՝ դիրքորոշում հայտնող ու կհայտնենք մեր դիրքորոշումը»: