Քույրերին պաշտպանելիս, մենք մեզ ենք պաշտպանում․ ցույց Ռուսաստանի դեսպանատան դիմաց |epress.am|

06:48 - 25 հունիսի, 2019

epress.am: Հունիսի 24-ին միջազգային սոլիդարության ակցիայի շրջանակներում մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ցույցի էին դուրս եկել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու Մոսկվայում հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին։ Ցուցարարների պահանջն է՝ ազատել Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյաններին, նրանց դեմ հարուցված քրեական գործը վերաորակավորել որպես ինքնապաշտպանություն։

Ցույցի մասնակիցները պաստառներ էին բերել՝ «Մենք Խաչատուրյան քույրերն ենք․ Ազատություն Խաչատուրյան քույրերին», «8-20 տարի անպատժելիության և պետության անգործության համա՞ր», «Ինքնապաշտպանությունը հանցագործություն չէ», «Երեխաները չպիտի դառնան ընտանեկան բռնության զոհ։ Բռնությունը արդարացում չունի։ Ես Խաչատուրյան քույր եմ։», «Պահանջում ենք ընտանեկան բռնության մասին օրենք», «Կանայք հրաժարվում են մեռնել» գրառումներով։

Ցուցարարներից երկուսին հարվածելուց հետո ոստիկաննությունը ակցիայի վայրից բերման ենթարկեց երկու քաղաքացիների՝ տարեց մի կնոջ, ով ցույցի ողջ ընթացքում վիրավորանքներ էր հնչեցնում ցուցարարների և Խաչատուրյան քույրերի հասցեին և հարցազրույցներ տալիս իր շուրջը հավաքված լրագրողներին, և մի տղամարդու, ով միացավ նրան վերջում։ Ոստիկանական բաժանմունք հրավիրվեցին նաև հարձակման ենթարկված ցուցարարները։

Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին, ովքեր մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ,, հունիսի 13-14-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել․ նրանց մեղսագրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105 հոդվածի 8-րդ կետով նախատեսված հանցանքը, այն է՝ խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ, որը ենթադրում է 8-ից 20 տարի ազատազրկում։

Այսինքն՝ քրեական գործի նախնական որակավորումը մնացել է անփոփոխ․ քույրերի փաստաբաններն ու մեծաթիվ աջակիցները լիահույս էին, որ քննչական մարմինը՝ հաշվի առնելով նախաքննության ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ փաստերը, կփոխի հոդվածը առնվազն «ինքնապաշտպանության սահմանազանցման»։ Արդյունքում փոխվեց միայն հանցագործության դրդապատճառը, որն այժմ պաշտոնապես ձևակերպված է որպես «անձնական թշնամանք՝ պայմանավորված հոր կողմից դուստրերին պատճառված երկարատև ֆիզիկական և հոգեբանական տանջանքներով»։

Փաստացի, Խաչատուրյան քույրերի հարևանների, համադասարանցիների, դպրոցի աշխատակիցների, մոր և եղբոր վկայությունները՝ մշտական բնույթ կրող սպառնալիքների, բռնությունների և խոշտանգումների մասին, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննությունները, որոնք հաստատեցին հոր կողմից սեռական շահագործման և սեռական բռնությունների ենթարկվելու մասին քույրերի վկայությունները, ի վերջո՝ փորձաքննությունները, որոնք հաստատեցին հոր կախվածությունը ծանր թմրանյութերից և հոգեմետ դեղերից, տեղեկությունները քրեական աշխարհի հետ սպանվածի կապերի մասին, ինչպես նաև՝ պետական ծառայողի՝ հատուկ ծառայությունների աշխատակցի կեղծ վկայականները, որոնք հայտնաբերվեցին Միխայիլ Խաչատուրյանի տանը և որոնցով, ըստ դպրոցի աշխատակիցների, նա լռեցնում և կասեցնում էր բոլոր ահազանգների և դիմումների ընթացքը, ինչպես նաև վկայություններն առ այն, որ տարիներ շարունակ քույրերը օգնություն են խնդրել ծանոթներից, անցանոթներից, դպրոցի աշխատողներից, իսկ նրանց մայրը՝ նաև ոստիկանությունից, բայց բոլոր դեպքերում հայտնվել են պետական և հանրային պաշտպանությունից դուրս, անգամ հոգեբուժական եզրակացությունները քույրերի հոգեկան անկայությունյան և քույրերից ամենափոքրի՝ Մարիայի, անգիտակից լինելու մասին, ամեն դեպքում, հիմք չդարձան գործի վերաորակավորման համար։ Աղջիկները դատվելու են քրեական օրենսգրքի ամենածանր հոդվածներից մեկով։ Նախաքննությունը հայտարարվել է ավարտված, գործի նյութերը սեղմ ժամկետներում կփոխանցվեն դատարան։

Ռուսաստանում ի աջակցություն Խաչատուրյան քույրերի օրեր շարունակ բողոքի ցույցեր և պիկետներ են տեղի ունենում․ մարդիկ դուրս են գալիս փողոց նույն պահանջներով՝ փոխել քրեական գործի որակավորումը, բացառել քույրերի կալանավորումը, ընտանեկան բռնության մասին օրենք ընդունել։ Սոցիալական ցանցերում սկսվել է «Մենք Խաչատուրյան քույրերն ենք» խորագրով արշավ, որը հղվում է վերջերս Ռուսաստանում ի աջակցություն հետաքննող լրագրող Իվան Գոլունովի բարձրացած բողոքի ալիքին, որի շնորհիվ կասեցվեց նրա նկատմամբ շինծու քրեական հետապնդումը։ Երևանում այսօր տեղի ունեցած բողոքի ցույցը, ըստ մասնակիցների, մաս է կազմում այս արշավի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել