Քրդական ընտրական հաղթարշավը 21-րդ դարում |hetq.am|
12:28 - 17 հունիսի, 2019

Քրդական ընտրական հաղթարշավը 21-րդ դարում |hetq.am|

hetq.am։ Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ
Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

Ընտրական համատեքստում քրդերի՝ գործոն դառնալու հետ կապված մտահոգություններն առարկայական տեսք են ստացել դեռևս 40 տարի առաջ։

  • Քուրդ բնակչությունը շարունակում է աճել արագ տեմպերով, ինչն իր կնիքն է թողնում նաև Թուրքիայի ընտրությունների արդյունքների վրա։

  • Ընտրական պլանում քրդական հաղթարշավի նախերգանքը գրանցվեց 2014թ., իսկ բուն հաղթարշավը մեկնարկեց 2015թ.։

  • Այդ հաղթարշավը շարունակվում է ցայսօր և հետագայում միայն նոր թափ է հավաքելու։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի ընտրական համակարգը ժամանակին ունեցել է տարբեր առանձնահատկություններ, ինչը խնդիրներ է առաջացրել նրա արդար լինելու հետ կապված։ Օրինակ, 1950թ. խորհրդարանական ընտրություններում հաղթեց Դեմոկրատական կուսակցությունը (ԴԿ), որը թեև հավաքեց քվեների 52.7%-ը, սակայն ստացավ խորհրդարանի մանդատների 85%-ը (416 մանդատ)։

1954թ. խորհրդարանական ընտրություններում էլ ԴԿ-ը, թեև հավաքեց քվեների 57.6%-ը, սակայն ստացավ 541 մանդատից 503-ը (93%), ինչը նրա ամենամեծ ներկայությունն էր խորհրդարանում։ Դա նաև ռեկորդային ցուցանիշ է, որը պահպանվում է ցայսօր[1]։

Միևնույն ժամանակ 1954թ. ընտրություններում քվեների 35.4%-ը ստացած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) խորհրդարանում ստացավ միայն 31 մանդատ։ Այս ամենի պատճառն այն էր, որ 1 նահանգում ամենաշատ քվեներ ստացած կուսակցությանը բաժին է ընկել նրա բոլոր մանդատները (1950թ. խորհրդարանի մանդատների ընդհանուր թիվը կազմել է 487, 1954թ.՝ 541, 1957թ.՝ 610 մանդատ, իսկ 1960թ.-ից հետո մանդատների թիվը նվազեցվեց մինչև 450-ի)[2]։

1950-ականների ընտրական այս անհավասարակշռությունը դարձավ 1960թ. ռազմական հեղաշրջման հիմնական դրդապատճառներից մեկը, ինչից հետո խորհրդարանական մեծամասնությունն ու քաղաքական համակարգն ուժեղացնելու համար որոշում ընդունվեց կիրառել դ'Օնթի մեթոդը։

Այն բավական արդար համակարգ էր և կուսակցություններին հնարավորություն էր տալիս մեջլիսում ունենալ ստացած քվեներին համապատասխան ներկայություն։ Եվ, այնուամենայնիվ, 1974-1980թթ. Թուրքիայում քաղաքական անկայունության ժամանակաշրջան էր. ԺՀԿ-ը թեև հաղթեց 1973թ. խորհրդարանական ընտրություններում, սակայն չստացավ միակուսակցական կառավարություն ձևավորելու իրավունք և ստիպված էր կոալիցիա ձևավորել։

Նույն պատկերը ստացվեց նաև 1977թ. ընտրություններից հետո։ Այդպիսով, ԺՀԿ-ը, չնայած ընտրողների լայն աջակցությանը, չկարողացավ հիմնել կայուն կառավարություններ, և կոալիցիոն կազմավորումները հաջորդում էին մեկը մյուսին։ Քաղաքական այդ անկայունությունը զգալի դեր խաղաց 1980թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման համար, ինչից հետո սահմանվեց 10%-անոց ընտրաշեմ։ Դա միտված էր խորհրդարանում կուսակցությունների թիվը սահմանափակելուն, 1 կամ 2 խոշոր կուսակցություն տեսնելուն, փոքր, ռեգիոնալ (քրդական) կուսակցությունների մուտքը խորհրդարան բարդացնելուն։

Քաղաքագետ Բուրաք Ջոփն ընդգծում է, որ ընտրական նոր համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ մեկ ընտրական օկրուգը կարող էր բաղկացած լինել առավելագույնը 7 պատգամավորական մանդատից, ինչը շահավետ էր խոշոր կուսակցությունների համար, քանի որ ընտրական օկրուգը որքան շատ մանդատ ունենար, այնքան արդյունքները կլինեին ավելի արդար։ Նրա խոսքերով՝ այդ ամենի պատճառով 1987թ.-ից Թուրքիայի քաղաքական կյանքում գրանցվեցին ամենաանարդար մի շարք ընտրություններ[3]։

Նշենք նաև, որ 2002թ. նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Թուրքիայում իշխանության եկավ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որով սկիզբ դրվեց նրա հաղթարշավին. ԱԶԿ-ն անընդմեջ հաղթեց բոլոր տիպի ընտրություններում, ինչպես նաև 3 անգամ հաջողեցրեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվե (ՍԲՀ)։

2002թ. ընտրություններում ԱԶԿ-ը հավաքեց 10.808.229 քվե (շուրջ 35%) և չնայած դրան՝ 550 հոգանոց խորհրդարանում ստացավ 363 մանդատ (66%)։ Ընդդիմադիր ԺՀԿ-ն էլ հավաքեց 6.113.352 քվե (ավելի քան 19%) և ստացավ 178 մանդատ (33%)։ Մնացյալ 1%-ն էլ բաժին ընկավ անկախ թեկնածուներին։ Ընտրությունների արդյունքները վկայեցին, որ վավեր քվեների 43%-ը (14.5 մլն քվե) անտեսված է. այն ստացած կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել 10%-անոց ընտրաշեմը:

Ստացվում է, որ ընտրաշեմը ոչ միայն կանխարգելում է փոքր կուսակցությունների մուտքը խորհրդարան, այլև վերջիններիս քվեները (ուժը) բաժանվում են ընտրաշեմը հաղթահարած և խորհրդարան անցած կուսակցությունների վրա (հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ)։ Բացի այդ ընտրելու իրավունք ունեցողների 22%-ը չի մասնակցել քվեարկությանը (1980թ.-ից հետո առաջին անգամ տվյալ ցուցանիշը գերազանցեց 20%-ը)։ Եվ, փաստորեն, ընտրելու իրավունք ունեցողների 65%-ի շահերը ներկայացված չէին խորհրդարանում։

Պատահական չէր, որ 1954թ.-ից ի վեր առաջին անգամ խորհրդարան անցավ միայն 2 ուժ, իսկ քրդական «Դեմոկրատական ժողովուրդ» կուսակցության (DEHAP) ներկայացուցիչներն ընտրաշեմի հարցը 2003թ. բողոքարկեցին ՄԻԵԴ-ում։ Բանն այն էր, որ DEHAP-ը, թեև հաղթել էր քրդաբնակ Շըրնաք նահանգում՝ հավաքելով 103.111 քվեից 47.449-ը (45.95%), բայց չէր կարողացել հաղթահարել ընտրաշեմը, ուստի նրա թեկնածուներ Ռեսուլ Սադաքն ու Մեհմեթ Յումաքը պատգամավոր չէին դարձել Շըրնաքում։

Փոխարենը Շըրնաքին հատկացված 3 մանդատներից 2-ը բաժին ընկան ԱԶԿ-ին, որն այդ նահանգում ստացել էր միայն 14.460 քվե (14.05%), իսկ երրորդ մանդատը՝ անկախ թեկնածու Մեհմեթ Թաթարին, ով հավաքել էր ընդամենը 9914 քվե (9.69%)։ ՄԻԵԴ-ը վերջնական վճիռը հրապարակեց 2008թ. հուլիսին՝ ընդգծելով, որ 10%-անոց ընտրաշեմ ունենալը խախտում չէ Թուրքիայի կողմից։

Դրա հետ մեկտեղ ՄԻԵԴ-ը նշեց, որ դա բավական բարձր է և խորհուրդ տվեց նվազեցնել՝ ընդգծելով, որ ԵԽ անդամ երկրներից միայն 3-ում է կիրառվում 7-8%-անոց ընտրաշեմ, երկրներից 1/3-ում գործում է 5%-անոց ընտրաշեմ, իսկ 13 երկրներում ընտրաշեմը դրանից էլ ցածր է[4]։ 2009թ. դեկտեմբերին էլ ԵԽ Քաղաքական հարցերով հանձնաժողովը Թուրքիային խորհուրդ տվեց ընտրաշեմը նվազեցնել մինչև 3%-ի՝ խորհրդարան փոքր կուսակցությունների ու անկախ թեկնածուների մուտքն ապահովելու համար[5]։

Թուրքիան, սակայն, պահպանեց 10%-անոց ընտրաշեմը, որը հաջողությամբ գործեց մինչև 2015թ.՝ խոչընդոտելով նաև քրդական կուսակցությունների մուտքը խորհրդարան։ Սակայն քրդերը կարողացան գտնել խորհրդարան անցնելու հնարամիտ տարբերակ` առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, պատգամավոր ընտրվել (հիմնականում) քրդաբնակ նահանգներում և հետո խորհրդարանում ձևավորել խմբակցություն։

Քրդական «Դեմոկրատական հասարակարգ» կուսակցությունը (ԴՀԿ, առաջինն է Թուրքիայում կիրառել համանախագահների համակարգը) և «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) այդ մարտավարությունը հաջողությամբ կիրառեցին 2007թ. և 2011թ.[6]։ Չենք բացառում, որ նրանք այս հարցում հաշվի առան նույն Մ. Թաթարի օրինակը։

2007թ. հուլիսի 22-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվեց 26 անկախ պատգամավոր, որոնցից 21-ը ներկայացնում էին ԴՀԿ-ը։ Դա նրան հնարավորություն տվեց ձևավորելու խորհրդարանական խմբակցություն (անհրաժեշտ էր առնվազն 20 մանդատ)։ Սակայն 2007թ. նոյեմբերի 16-ին Թուրքիայի ՍԴ-ը նախաձեռնեց ԴՀԿ-ը փակելու դատական գործընթաց՝ մեղադրելով «Աբդուլլահ Օջալանի հրահանգով գործելու, ահաբեկչությանն աջակցելու, պետության մասնատման փորձերի» համար։

2009թ. դեկտեմբերի 11-ին ՍԴ-ը քվեարկեց ԴՀԿ-ը փակելու օգտին, որով միաժամանակ 37 մարդու 5 տարով արգելեց զբաղվել քաղաքականությամբ[7]։ Սակայն քուրդ գործիչները դեռ դատավարության ընթացքում՝ 2008թ. մայիսի 2-ին, Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Ուֆուք Ուրասի մասնակցությամբ խորհրդարանում ձևավորեցին խորհրդարանական նոր խմբակցություն՝ արդեն ԽԺԿ անվամբ[8]։ 2011թ. հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում էլ ԽԺԿ-ին հաջողվեց նույն մարտավարությամբ ստանալ 36 մանդատ[9]։ Եվ, այնուամենայնիվ, հասկանալի էր, որ խորհրդարանում ավելի մեծ ներկայություն ունենալու համար անհրաժեշտ է ընտրություններին մասնակցել համամասնական ընտրակարգով։

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել