Օրինագծում կան շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրումը չհիմնավորված մերժելու ռիսկեր․ ՀՀ ՄԻՊ
21:13 - 03 ապրիլի, 2020

Օրինագծում կան շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրումը չհիմնավորված մերժելու ռիսկեր․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրինագիծը պարունակում է տեղեկության տրամադրումը  չհիմնավորված մերժելու ռիսկեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ օրինագիծը չի արտացոլում «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության մատչելիության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» 1998 թվականի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը և գործնականում կարող է առաջ բերել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհիմն մերժման ռիսկեր:

«Պաշտպանը կարևորում է այս ոլորտում տեղեկատվության ազատության երաշխավորումը և դրանով պայմանավորված քաղաքացիական վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում է օրենքի նախագիծը միջազգային չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից, որի արդյունքները կներկայացվեն Ազգային ժողով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել