Ֆիզիկայի ինստիտուտի վիճակը ողբալի է․ Լևոն Զուրաբյան
12:26 - 11 հուլիսի, 2019

Ֆիզիկայի ինստիտուտի վիճակը ողբալի է․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սինգապուրում ուրախ լուր է ստացել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում հունիսի 12֊ին ցիկլոտրոնի գործարկման վերաբերյալ, որն, իր տեղեկությունների համաձայն, թույլ կտա հետազոտություններ անցկացնել ֆիզիկայի բնագավառում եւ նոր մակարդակի վրա բարձրացնել բժշկական դիագնոստիկան։

Որպես ֆիզիկոս եւ անցյալում Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, չեմ կարող սրտացավ չլինել Ալիխանյանի հիմնած լեգենդար այս հիմնարկի ճակատագրի վերաբերյալ։ Շարունակելով պապհպանել իմ կապերը ինստիտուտի առաջատար գիտնականների հետ, բավականին լավատեղյակ եմ իրավիճակին։ Նիկոլ Փաշինյանին թյուրիմացության մեջ են գցել։ Այդ ցիկլոտրոնը ո՛չ պիտանի է լուրջ հետազոտությունների, ո՛չ էլ ֆտորի իզոտոպների հիման վրա կոմերցիոն հիմնավորվածություն ունեցող դիագնոստիկայի համար։

Ամենազավեշտականն այն է, որ, ինչպես պարզվեց, այս ամենի քննարկման մեջ չեն ներգրավել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ինչի մասին նա բաց խոսեց կառավարության նիստում։ Տպավորված եմ վերջինիս պրոֆեսիոնալիզմով, ներառյալ այդ իզոտոպների կիսատրոհման ժամանակաշրջանի մասին իր առավել ճշգրիտ գիտելիքներով։

Ֆիզիկայի ինստիտուտի վիճակը ողբալի է։ Այն ղեկավարվում է այսօր մարդկանց կողմից, որոնք ոչ միայն շատ հեռու են գիտական հետազոտությունների ճիշտ ուղղություններ որոշելու առաքելությունից, այլ նաեւ չեն էլ ցանկանում լսել ինստիտուտի անվանի գիտնականներին, որոնք այսօր էլ շատ ակտիվ են գիտության մեջ եւ որոնց citation index֊ով (գիտնականի աշխատությունների համաշխարհային հղումների ցուցանիշ) կարող ենք հպարտանալ։

Այդ գիտնականներն, ըստ էության, մեկուսացված են ինստիտուտի կառավարման գործից, հոգաբարձուների խորհրդի կազմի ընտրություններ տարիներ շարունակ տեղի չի ունենում, ամեն բան որոշվում է նախկին սերժական նախարար, այժմ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի դիկտատով, որն այդ կարգավիճակը ստացել է նախկին ռեժիմի կողմից։

Ստեղծված իրավիճակի մասին բոլոր բողոք֊դիմումները հղվում են գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին, որը, լինելով միաժամանակ Ֆիզիկայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, ակնհայտ շահերի բախման մեջ է։ Ինստիտուտի փողերը մսխվում են անիմաստ ուղղություններով, մասնավորապես ցիկլոտրոնի նման անկենսունակ նախագծերի համար։

Կոչ եմ անում բնագավառի նախարար Արայիկ Հարությունյանին եւ կառավարության այլ պատասխանատու պաշտոնյաներին վերջապես լսել մեր ականավոր գիտնականների եւ քայլ անել Ֆիզիկայի ինստիտուտը կամայականությունների եւ չարաշահւմների դաշտից հանելու ուղղությամբ։»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել