Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի օգնական Դիանա Երիցփոխյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը հուլիսի 22-23-ը իրականացրել է Սևանա լճի ջրի որակի հերթական մոնիթորինգը: Ջրի որակի հետազոտություններն իրականացվել են Մեծ և Փոքր Սևանների ամբողջ ծավալով:

Համաձայն դաշտային ուսումնասիրությունների և առաջնային ֆիզիկաքիմիական անալիզների արդյունքների Սևանա լճում լուծված թթվածնի պարունակությունը մակերևութային շերտում 5-6 մգ/լ է, իսկ հատակամերձ շերտում (Մեծ Սևանում 20-30մ խորություններում, իսկ Փոքր Սևանում՝ 60-80մ) 4-5 մգ/լ: Թթվածնի դիտված քանակությունը բավարար է ջրային կենդանական աշխարհի պահպանման համար: Հատակամերձ շերտում թթվածնազրկություն (anoxia) չի դիտվում:

Լճի մակերևութից մինչև 20 մ խորություն ֆոսֆորը ամբողջովին յուրացվել է ջրիմուռների կողմից և ծաղկման պրոցեսը ավարտված է: Լճում սկսվել է ջրիմուռների քայքայման պրոցեսը, ինչն ուղեկցվում է կալցիումի ակտիվ անջատմամբ և լճում պղտորության առաջացմամբ: Այս պրոցեսների արդյունքում Մեծ Սևանում ջրի թափանցիկությունն ըստ Սեկի դիսկի 3.5-5 մ է, իսկ Փոքր Սևանում՝ համեմատաբար ցածր է՝ 1.0-2.8 մ»։