azatutyun.am: Երեկ Ֆրանսիայի մոտ 110 քաղաքներում հարյուր հազարավոր մարդիկ նոր բողոքի ակցիաներ են անցկացրել ընդդեմ նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարած կենսաթոշակային բարեփոխումների:

Ցույցերի կազմակերպիչներից Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան հայտարարել է, որ միայն Փարիզում բողոքի էր դուրս եկել մոտ 350 հազար մարդ, իսկ ցուցարարների թիվն ամբողջ Ֆրանսիայում մոտ 1 միլիոն 800 հազար է կազմել: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 615 հազար մարդ է դուրս եկել փողոցներ, որից 76 հազարը՝ Փարիզում:

Առաջին անգամ ակցիային մասնակցել են Ֆրանսիայի բոլոր արհմիությունները, ներառյալ՝ Աշխատանքի ֆրանսիական ժողովրդավարական կոնֆեդերացիան, որը նախկինում աջակցում էր կենսաթոշակային բարեփոխումների նախագծին, սակայն երբ Կառավարությունը հայտարարեց, որ միայն 64 տարեկանից հետո աշխատողները կկարողանան լիարժեք կենսաթոշակ ստանալ, կոնֆեդերացիան հայտնեց ցուցարարներին միանալու պատրաստակամության մասին:

Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը ներկայացրեց կենսաթոշակային բարեփոխումների ամբողջական նախագիծը: Նա հայտնեց, որ չնայած կենսաթոշակային տարիքը մնում է անփոփոխ` 62 տարեկան, եթե աշխատողը մինչև 64 տարին լրանալը թոշակի անցնի, վճարումներն ավելի քիչ կլինեն: Վարչապետը հայտարարեց բարեփոխումների իրականացման գործում իր հաստատակամության մասին:

Այսօր և վաղը Ֆիլիպը պետք է շարունակի բանակցություններն արհմիությունների հետ: