Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով․ Աննա Նաղդալյան
17:14 - 18 մարտի, 2020

Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով․ Աննա Նաղդալյան

Երեկ ԱԳՆ-ն եւս մեկ անգամ քաղաքացիներին կոչ արեց զերծ մնալ արտասահմանյան ուղեւորությունների իրականացումից, սակայն, ամեն դեպքում, մեր այն քաղաքացիներին, որոնք պետք է կատարեն որոշակի ուղեւորություն, կոչ ենք անում մշտական կապ պահպանել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնք հասանելի են 24 ժամ։ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա նշեց, որ այն երկրներում, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ԱԳՆ-ի հետ՝ 055 620 111 հեռախոսահամարով։

Ի դեպ, այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը։ Սահմանափակումը, ինչպես շեշտեց Նաղդալյանը, չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Որոշմամբ՝ ՌԴ մեր քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնկավելու իրավունք, կարող են վերադառնալ ՀՀ։

Այսօրվանից ուժի մեջ է մտել նաեւ Վրաստանի կառավարության համապատասխան որոշումը, որով արգելք է դրվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա։ Իսկ մեր եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին․ ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ դրանք իրականացվում են անխափան։

Աննա Նաղդալյանը վստահեցրեց, որ Վերին Լարսի անցակետի փակումը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով եւ առատ ձյան առկայությամբ։ Նա նշեց, որ երբ եղանակային պայմանները կբարելավվեն, հայ բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում Հայաստան-Վրաստան, Վրաստան-ՌԴ ուղղությամբ, կկարողանան անխափան իրականացնել իրենց գործունեությունը։

ԱԳՆ մամուլի խոսնակն ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ երեկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագրին, որով 30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք՝ ԵՄ երկրներ, շենգենյան գոտու անդամ երկրներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն․

«Այս սահմանափակման առումով մեր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ վերոնշյալ տարածքներ այցելելու մտադրությունից»։

Իսկ մարտի 19-ին կայանալու է Շարմ Էլ Շեյխ-Երեւան վերջին չվերթը։ ԱԳՆ-ն տվյալներ չունի, թե երբ է կայանալու հաջորդ չվերթը։ Ուստի հորդորում են մեր քաղաքացիներին, որոնք պլանավորում են վերադառնալ այնտեղից, անպայման օգտվել այդ չվերթից։

Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն էլ նշեց, որ բոլոր հյուպատոսություններում ունենք թեժ գծեր, որոնք աշխատում են նաեւ Viber, Whatsapp հավելվածներով, որոնցով քաղաքացիները կարող են կապ հաստատել արտակարգ դրության ընթացքում։ Գիծը 52 կետերում գործում է անխափան։ Քաղաքացիներին հորդորում են որեւէ ծանր իրավիճակում գտնվելու դեպքում անհապաղ կապ հաստատել դեսպանությունների եւ հյուպատոսությունների հետ։

Ավետիսյանն ասաց, որ այժմ կանոնավոր չվերթներ են գործում Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդից, հնարավորության դեպքում նաեւ Մոսկվայից։ Քաղաքացիներին կոչ են անում Վերին Լարսի անցակետին չմոտենալ, օգտվել օդային ճանապարհից։

Հյուպատոսական վարչության պետն ասաց, որ իրենք մշտական կապ են պահպանում Թուրքիայում գտվող մեր քաղաքացիների հետ։ Համապատասխան որոշում գտնելուց հետո կփորձեն աջակցել մեր քաղաքացիներին․

«Թուրքիայում գտնվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ ցանկացած միջոցներով՝ զանգով կամ առցանց»։

Ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ Իտալիայից ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները վերադարձան, չցանկացա՞ն, Աննա Նաղդալյանն ասաց, որ այն պահից, երբ հայտարարվել էր, որ Իտալիայից վերադարձող մեր քաղաքացիները ՀՀ-ում անցկացնելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ հայրենիք, կամ եղել են դեպքեր, երբ նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ երրրոդ երկրներով, բայց իրենք էլ են վարադառնալուց հետո ենթարկվել կարանտինային ռեժիմի։

Նաղդալյանն ասաց, որ Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։ Իսկ դրսում գտնվող մեր հայրենակիցներին հորդորում են առաջինը կապ հաստատել նախ հյուպատոսարանների, ԱԳՆ-ի հետ, ապա նոր լրատվամիջոցների, քանի որ իրենք պետք է կարողանան իրականացնել ճիշտ գնահատում եւ կայացնել որոշումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել