news.am:  Ֆրանսիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանն խոսել է Արցախի օդային տարածքը բացելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նա հայտարարել է Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովում։ Հիշեցնենք, որ Արցախի օդային տարածքը փակ է Ադրբեջանի՝ քաղաքացիական ինքնաթիռները խփելու սպառնալիքի պատճառով։

Նախկին պատգամավորն անդրադարձել է կրթության եւ ապակենտրոնացված համագործակցության ոլորտին։ «Նախորդ հռետորը խոսեց այն մասին, որ Տորոնտոյում բարձրացնում են Արցախի դրոշը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ Բուրգ լը Վալանս քաղաքի քաղաքապետուհին Արցախի դրոշը պարզել է քաղաքի մուտքի մոտ։ Ստորագրվել է համաձայնագիր Արցախի եւ 600 հազար բնակչություն ունեցող Իզերիի միջեւ։ Առնովիլը նույնպես ճնշման չի ենթարկվում։ Այս քաղաքների եւ դեպարտամենտների ղեկավարները բողոքարկում են դատարանների վճիռները եւ կդիմեն ավելի բարձ ատյանների»,- հավաստիացրել է Ռոշբլուանը՝ խոսելով դատարանների վճիռների մասին, որոնք ադրբեջանական լոբբիի ճնշման տակ անօրինական են համարել համագործակցությունն Արցախի հետ։ Ֆրանսուա Ռոշբլուանը տեղեկացրեց նաեւ, որ Ստեփանակերտում կլինի ֆրանկոֆոնիայի կենտրոն, այն շահագործման կհանձնվի 2020 թվականի հունիսին։