Տարին հեռավարով ենք ավարտելու, առկա, լսարանային դասեր չեն լինելու։ Այս մասին այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մայիսին շարունակվելու է հեռավար կրթությունը։ Էս ընթացքում հաշվառում ենք, թե ինչ ծավալ է փակվել, եւ նախատեսում ենք, որ հաջորդ ուսումնական տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների կունենանք պահուստային օրեր, նույնիսկ հնարավոր է՝ պահուստային շաբաթ։ Էն աշակերտները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ուսումնական նյութը մարսել կամ հետ են ընկել, պահուստային օրերը ուսուցիչներին թույլ կտան այդ խնդիրը լուծել»,- նշեց նա։

Նախարարը տեղեկացրեց, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4-րդ եւ 9-րդ դասարանների ավարտին։ Աշակերտների՝ մինչեւ մարտի 13-ն ունեցած եւ էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվելու են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա էլ աշակերտները փոխադրվելու են հաջորդ աստիճան։ Փոխադրական քննություններ չեն իրականացվելու նաեւ 10-րդ եւ 11-րդ դասարաններում։

«Դպրոցներում ավարատական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվելու, ամփոփումը տեղի է ունենալու նույն ձեւով, ինչ 4-րդ եւ 9-րդ դասարանների դեպքում։ Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել է նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններիս հնարավորություն է տրվելու ընտրել՝ պահպանել կամ քննության արդյունքը, կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական։ Ատեստատները տրվելու են մինչեւ մայիսի 25-ը»,- նշեց նա։ 

Արայիկ Հարությունյանն ասաց, որ քոլեջների եւ ուսումնարանների ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն եւ քննություններ չեն իրականացվելու, ամփոփումը կատարվելու է ինչպես դպրոցական ավարտականների դեպքում։

«Եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է ուստարվա առաջին կիսամյակի արդյունքում։ Ամփոփումը կատարվելու է եւ դիպլոմները տրվելու են մինչեւ հունիսի 5-ը»,- նշեց նախարարը։ 

Նա նաեւ ասաց, որ մեդալի քննությունները չեն իրականացվելու։ Հաջորդ տարի մեդալի հավակնորդներին տրվելու է այդ հնարավորությունը։