133 հայտ ենք ստացել, 37-ը կարելի է կիրառել, այսօր կամ վաղը հաղթողները հայտնի կդառնան․ Արշակյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքները զսպող գաղափարների մրցույթին
13:59 - 08 ապրիլի, 2020

133 հայտ ենք ստացել, 37-ը կարելի է կիրառել, այսօր կամ վաղը հաղթողները հայտնի կդառնան․ Արշակյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքները զսպող գաղափարների մրցույթին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքները զսպող գաղափարների, լուծումների մրցույթին և նշեց, որ դրա վերջնաժամկետն ավարտվել է։

«133 հայտ ենք ստացել, որոնցից 37-ը գաղափարի փուլում էր, 59-ը՝ մշակման, ևս 37-ը՝ կիրառման, այսինքն՝ որ կարելի է վերցնել, մոդիֆիկացնել ու կիրառել։ Այդ հավելվածներն ու լուծումները հիմնականում մեկուսացման մեջ գտնվող մարդկանց տեղաշարժի վերահսկողության, ծերերի և խոցելի խմբերի խնամքի ու օգնության, սարքավորումների, պաշտպանիչ սարքերի տվյալների գրանցման և այլ ուղղություններով են, նաև արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և վիրտուալ իրականության կիրառման նոր լուծումներով»,- ասաց նախարարը։

Հակոբ Արշակյանի խոսքերով՝ ստացել են նաև որոշակի առաջարկներ առևտրի հարթակների և առցանց հավելվածների մասով։ Նա հայտնեց, որ գնահատականները կտրվեն անկախ հանձնաժողովի կողմից, այսօր կամ վաղը հաղթողները կհանրայնացվեն։


«Տվյալներ ենք ստանում էլեկտրոնային առևտրի տարբեր հարթակներից, որտեղ եռապատկվել է շրջանառությունը, տարբեր գնահատականներով՝ բազմապատկվել է նաև օնլայն դրամական միջոցների շրջանառությունը։ Կարծում եմ՝ սա հետագայում ևս Հայաստանի տնտեսությանը թե՛ թափանցիկության առումով, թե՛ հարմարավետության, թե՛ տարածքների համաչափ զարգացման առումով կօգնի, հաշվի առնելով, որ առևտրային բազմաթիվ ցանցեր ու խանութներ Երևանում են, արդեն հասանելի կլինեն նաև մարզերում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս տենդենցը կշարունակվի։

ԲՏԱ նախարարը նաև նշեց, որ Paypal-ի ու այլ վճարահաշվարկային համակարգերի հետ բանակցություններն ընթացիկ փուլում են։ «Իսկապես ջանքեր գործադրվում են այդ ուղղությամբ՝ թե՛ սփյուռքի, թե՛ PayPal-ում աշխատող մեր հայրենակիցների ներգրավվածությամբ։ Հայաստանում նույնպես աշխատանքային խումբ կա՝ տարբեր ոլորտներից ներգրավված, նախարարությունում արտաքին կապերի վարչությունն է զբաղվում այդ հարցերով, նաև ԿԲ-ն է ներգրավված»,- հայտնեց նա։

Արշակյանը վստահեցրեց՝ հենց պրոգրես ունենանք, անպայման կտեղեկացնի, իրենք շատ են կարևորում այս հարցը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել