tert.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ստվեր է գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

«Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևերը ստվեր են գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա և դժկամությամբ են ընդունվում մեր ժողովրդի կողմից»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հերթական անգամ նշել է, որ «104 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների պատասխանն ու լուծումները պետք է տան պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»՝ ավելացնելով, որ Թուրքիան բացել է բոլոր արխիվները, և ցանկացողները կարող են գալ և ուսումնասիրել դրանք: