2018-ի մայիսից հետո ձկնաբուծական որևէ կազմակերպության Արարատյան դաշտում նոր ջրաօգտագործման թույլտվություն չի տրվել. Էրիկ Գրիգորյան |tert.am|
16:10 - 26 փետրվարի, 2020

2018-ի մայիսից հետո ձկնաբուծական որևէ կազմակերպության Արարատյան դաշտում նոր ջրաօգտագործման թույլտվություն չի տրվել. Էրիկ Գրիգորյան |tert.am|

tert.am: Ծրագրի նախնական փուլում ներկայացված անհամապատասխանությունների մասով և մեր լիազորությունների շրջանակում ուսումնասիրվում են և աշխատանքներ իրականացվում են: ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառմանն ուղղված այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե Ամուլսարի հարցի վերաբերյալ որ կետում ենք գտնվում:

Ներկաները հետաքրքրվեցին, թե ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինչպե՞ս են անդրադառնալու ջրերի խնայողության և արդյունավետ օգտագործման վրա, այն պարագայում, երբ 2019-ի ընթացքում նախարարության կողմից տրվել է ջրօգտագործման ժամկետի երկարացման 34 թույլտվություն, սակայն դրանցից մի քանիսն իրավական հիմքերի առկայության պայմաններում դուրս են մնացել: Նախարարն ասաց, որ ջրային տնտեսման աշխատանքները շարունակվելու են:

«2019 թվականին նախարարությունն սկսեց Արարատյան դաշտի արտեզյան  ինքնաշատրվանով լուծարվող հորերի կոնսերվացման լուծարման աշխատանքները, որի շնորհիվ տարեկան 1.8  մետր խորանարդ/վայրկյան ջուր տնտեսվեց և ևս 1.2-խորանարդ նվազեցվեց օգտագործողների մոտ: Տարեկան դա կազմում է 100 մլն խորանարդ մետր ջուր: Դա ավելին է, քան Երևանում օգտագործվող ջրի ծավալը ավելի քան մեկ միլիոն բնակչի կողմից»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով  անտնտեսվար և անտերության մատնված խորքային հորերի լիկվիդացման հարցին՝ Գրիգորյանն ասաց, որ Շրջակա միջավայրի նախարարության  կողմից 2018-ի մայիսից հետո որևէ ձկնաբուծական կազմակերպությանը Արարատյան դաշտում նոր ջրաօգտագործման թույլտվություն չի տրվել և այն թույլտվությունները, որոնք տրված են եղել նախկինում, դրանք կարգավորվում են օրենսգրքով:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ն, թեև համաշխարհային արտանետումների ծավալում մեծ կշիռ չունի, բայց կլիմայի փոփոխությունների հետևանքով տարածաշրջանում համարվում է 4-րդ ամենախոցելի երկիրը:

«Խոցելի են շատ ոլորտներ՝ անտառներ, ջրային պաշարներ, էկոհամակարգեր, գյուղատնտեսություն: Արդեն ունենք միջին ջերմաստիճանի 1,3 աստիճանով բարձրացում և տեղումների նվազում՝ 9%-ով», - նշեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել