news.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը 2016 թվականից եւ հատկապես 2017-ից սկզբունքային փոփոխությունների է ենթարկվել: Այս մասին ապրիլի 29-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների իրավիճակի մասին», ինչպես նաեւ «2018 թվականին որպես ազգային կանխող մեխանիզմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի օմբուդսմենի գործունեության փորձը միջազգային գործընկերների կողմից ճանաչվել է որպես առաջավոր եւ ընդօրինակելու արժանի: «Ընդ որում՝ հարկ է նշել, որ 2018 թվականը նշանավորվել է մեր գրասենյակի աննախադեպ ծանրաբեռնվածությամբ: Նման բան դեռեւս երբեք չէր եղել»,- հավաստիացրեց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը որպես ապացույց ներկայացրեց որոշ վիճակագրություն: 2018 թվականին նախորդ տարիների համեմատությամբ կրկնակի աճել է իրենց ստացած բողոքների թիվը, զգալիորեն մեծացել է քաղաքացիների այցելությունների քանակությունը: Ընդ որում՝ սա վերաբերում է ոչ միայն օմբուդսմենի գրասենյակին, այլեւ այլ պետական կառույցներին:

«Ավելի քան կրկնակի աճել են այցելությունները ուղղիչ եւ այլ փակ հաստատություններ: Ընդ որում՝ առանձին դեպքերում այնպիսի, ինչպես, օրինակ, երեխաների խնամքի եւ իրավունքների պաշտպանության կառույցներ այցելությունները գործնականում 11 անգամ աճել են՝ նախորդ տարիների համեմատությամբ»,- նշեց օմբուդսմենը: