news.am: 2019 թվականը հաջողված տարի էր եւ 2018-2019 թվականների ընթացքում մեզ հաջողվեց լուծել մեր օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, 2020 թվականը պետք է իրենց համար ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան դառնա. «2020 թվականը բավականին լավ ենք սկսել եւ ըստ էության, նորացված հայեցակարգը, որը մենք առաջարկեցինք ՀՀ քաղաքացիներին, արդարացրեց իրեն: Ամանորի օրերին, ընդհուպ մինչեւ հիմա զբոսաշրջիկները տեսանելի էին Երեւանի փողոցներում եւ Հայաստանի տարածքում: Թվերը դեռ ամփոփված չեն, բայց վիզուալ պատկերն այդպիսին է:

Պետք է արձանագրել, որ դրանում ոչ ամենեւին երկրորդական նշանակություն ունեցան այն որոշումները, որոնք մենք կայացրեցինք Հանրապետության հրապարակում ամանորյա տոնակատարությունների հետ կապված: Կարծում եմ, որ նաեւ 2018-2019 թվականների փորձը հաշվի առնելով, նաեւ այն, որ մեզ համար ցայտնոտային ժամանակներն ավարտվել են, մյուս տարվա ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել»,-ասաց վարչապետը: