2019-ին մեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն եկամտահարկի տարեկան հաշվարկ և վճարեն եկամտային հարկ. ՊԵԿ
19:40 - 05 մարտի, 2020

2019-ին մեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն եկամտահարկի տարեկան հաշվարկ և վճարեն եկամտային հարկ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակիցը։

Ինչպես վճարել եկամտային հարկը

Քաղաքացին պետք է

1️⃣հարկային մարմնից ստանա հարկ վճարողի հաշվառման համար և կնքի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր`

այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին,
կամ առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ հղումով,

2️⃣եկամտային հարկը վճարի

բանկային ծառայության միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզիկական անձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մինչև ապրիլի 20-ը եկամտային հարկի հաշվարկ չներկայացնելու դեպքում, Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, կկազմվի արձանագրություն և կտեղադրվի հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում` www.azdarar.am:

Այսպիսով, հարկ վճարողը հնարավորություն կունենա ծանոթանալու արձանագրությանը և ներկայացնելու բացատրություններ։ Արձանագրությունը հիմք կհանդիսանա չկատարված հարկային պարտավորության մասով գանձման վարչական վարույթ իրականացնելու համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել