Վերջին մեկ շաբաթում ի կատարումն պարետի որոշումների, ոստիկանությունը արձանագրություններ է կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ՝ նախատեսված  համապատասխան հոդվածով՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ոստիկանապետ Արման Սարգսյանը։  Վերջինս հավելեց, որ ընդհանուր առմամբ կազմվել է 966 արձանագրություն։

«Քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների խախտման  կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ, իսկ 63-ը հանրային տրանսպորտի ավտոբուսների և երթուղային ավտոբուսների վարորդների և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ Երեկ արձանագրություն է կազմվել  69 մարդատար տրանսպորտների նկատմամբ, որոնք եղել են միևնույն ընտանիքի անդամներ, քաղաքացիներ, ովքեր երթևեկել են առանց պահանջների պահպանման։ Բացի այդ, ի կատարումն երեկ պարետատան կողմից տրված հանձնարարականի այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան թվաքանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվեն կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը և դրան համարժեք կտրվի իրավական գնահատական»,- ասաց ոստիկանապետը։ 

Վարչապետը հավելեց, որ այդ անցակետերի նպատակն այն է, որ անկախ այն հանգամանքից, թե ովքեր են երթևեկում նույն տրանսպորտային միջոցով, բոլորը  կրեն դիմակներ։