ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական միջոցներ այդպես էլ չկիրառվեցին
20:32 - 08 մայիսի, 2020

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական միջոցներ այդպես էլ չկիրառվեցին

Խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր մթնոլորտն այնքան լարված էր, որ հարցը հասավ ընդհուպ ծեծկռտուքի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ։ Բանն այն է, որ Մարուքյանն ԱԺ ամբիոնից իր ելույթում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթին, որը խիստ վրդովեցրեց Միքայելյանին։ Վերջինս տեղից վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Մարուքյանի հասցեին, նա էլ ամբիոնից իջավ՝ պարզաբանման համար, իսկ Միքայելյանը ապտակեց ԼՀԿ-ական պատգամավորին։ 

Մյուս պատգամավորները շտապեցին հարթել իրավիճակը, բայց դա հեշտ չտրվեց նրանց, քանի որ, ինչպես հետագայում ամբիոնից հայտարարեց Մարուքյանը, եւ ինչպես երեւում էր տեսանյութում, Մարուքյանին մի քանի հարված էլ հասցրին «Իմ քայլից» Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը։

Վերեւի դրվագում՝ ձախից Արտակ Մանուկյանը, աջից՝ Մարուքյանը, ներքեւի դրվագում՝ աջից Վահե Ղալումյանը, ձախից՝ Մարուքյանը

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները, սակայն, այդպես էլ չենթարկվեցին Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության։

Նախ նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։ 

Նույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նիստը նախագահողը՝ այս դեպքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իրավունք ուներ Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոցներ: 

Իսկ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ կարգապահական միջոցներն են նախազգուշացումը, խոսափողի անջատումը, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, հեռացումը՝ մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկումը:

Բայց, փաստացի, Միրզոյանը նույնիսկ նախազգուշացում չհնչեցրեց։

Այնինչ, ԱԺ նախագահը նույն գործելաոճը չդրսեւորեց ամիսներ առաջ, երբ խորհրդարանի նիստերի դահլիճում ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ փորձեցին «հաշիվ պարզել» անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։

Այս տարվա հունվարի 21-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այնպիսի ելույթ ունեցավ, որը սրեց իրավիճակը։ Այդ ելույթին վրդովված տոնով արձագանքել էր պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը Գեւորգ Պետրոսյանի՝ իր խոսքով՝ խայտառակ պահվածքի համար պետք է ներողություն խնդրի։ Դրանից հետո լեզվակռիվ էր սկսվել, ու ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ՝ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը, շտապել էին Բաբաջանյանի աթոռի մոտ՝ նրանից «հաշիվ պահանջելու»։

Այս միջադեպից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգապահական միջոց էր կիրառել ԲՀԿ-ական 4 պատգամավորների նկատմամբ՝ նրանց ԱԺ կանոնակարգի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հեռացնելով մինչեւ այդ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ այդ ընթացքում զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։

Ընդգծենք, որ այդ միջադեպի ժամանակ հարցը ծեծկռտուքին չէր հասել, մյուս պատգամավորները հասցրել էին հանդարտեցնել մթնոլորտը, սակայն, ինչպես այսօր, այնպես էլ հունվարի այդ նիստի ժամանակ, պատգամավորները չէին պահել էթիկան, ինչի համար էլ օրենքի սահմաններում կարգապահական պատասխանատվության էին ենթարկվել։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել