«Իմ քայլը»-ի պատգամավորի կարծիքով՝ ՄԻՊ-ի գործողություններում երբեմն նկատվում են երկակի ստանդարտներ

 |armenpress.am|
19:02 - 11 մայիսի, 2020

«Իմ քայլը»-ի պատգամավորի կարծիքով՝ ՄԻՊ-ի գործողություններում երբեմն նկատվում են երկակի ստանդարտներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կարծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործողություններում երբեմն նկատվում են երկակի ստանդարտներ: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկմանն իր ելույթում:

«Այսօր իմ գործընկերները անդրադարձան որոշ դրվագների, որոնք ինձ ստիպեցին հասկանալ, որ միայն ինձ մոտ չէ որոշ դեպքերում տպավորություն, որ Ձեր գործողություններում նկատվում են երկակի ստանդարտներ: Իմ գործընկերները հիմնականում խոսեցին Անի Սամսոնյանի և Տաթևիկ Ռևազյանի դեպքերի վերաբերյալ Ձեր ոչ նույնական արձագանքի մասին: Մենք չենք ասում, թե խոցվել ենք նրանից, որ Դուք մեզ չեք պաշտպանել: Մենք ասում ենք, որ խնդրահարույց ենք համարում, որ Դուք հետևողական չեք Ձեր մոտեցումներով: Խնդիր է, երբ դուք չենք անդրադառնում մի դեպքում և անդրադառնում եք մյուսում, և բնավ խնդիր չէր լինի, եթե դուք առհասարակ չանդրադառնայիք»,-ասաց Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ շատ դեպքերում քաղաքացիները կողմնորոշվում են՝ ելնելով ՄԻՊ-ի հայտարարությունից: Եթե մի դեպքում պաշտպանն արձագանքում է, մյուսում՝ ոչ, մարդկանց մոտ կարող է ողջամտորեն տպավորություն ստեղծվել, որ մյուս դեպքն ընդունելի է:

«Իմ քայլը»-ի պատգամավորներից ոմանք հարց էին բարձրացրել, թե ինչու է ՄԻՊ-ն արձագանքել «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանին ուղղված՝ Ալեն Սիմոնյանի խոսքին՝ այն որակելով սեռով պայմանավորված անթույլատրելի վիրավորանք,  սակայն չի արձագանքել Ալեն Սիմոնյանին ուղղված՝ Էդմոն Մարուքյանի՝ սեռական բնույթի հայհոյանքին: Թաթոյանը մասնավորապես ասել էր, որ իր հայտարարությունները երբեք քաղաքական հենք չեն ունենում: Նա շեշտել էր, որ այն դեպքում, երբ ինքը արձագանքել է, խոսքը վերաբերվել է կնոջը՝ սեռը թիրախավորելով վիրավորանք հասցնելուն՝ հատկապես ընդդիմադիր ներկայացուցչի: Նա Մարուքյանի և Սիմոնյանի միջադեպի հետ կապված մասնավորապես ասել էր, որ տվյալ դեպքում իր հայտարարությունը քաղաքական հենք ու նշանակություն կունենար, այպիսով ճիշտ է համարել հայտարարություն չտարածելը: Թաթոյանը հիշեցրել է, որ պետական կառավարման մարմինները չեն կարող դիմել ՄԻՊ-ին: Նա շեշտել էր, որ բոլոր դեպքերում դատապարտում է կնոջ նկատմամբ բռնությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել