Ախթալայում տասնյակ տղաներ բռնաբարվում էին նախկին վարչապետի մանկապիղծ խորհրդականի կողմից. Գայանե Աբրահամյան
 |armtimes.com|
21:15 - 11 մայիսի, 2020

Ախթալայում տասնյակ տղաներ բռնաբարվում էին նախկին վարչապետի մանկապիղծ խորհրդականի կողմից. Գայանե Աբրահամյան |armtimes.com|

armtimes.com: Եթե այս կոնվենցիան վաղուց ընդունված լիներ, եթե դրա պարտադրմամբ մեր երկրում շատ ավելի խստացված լինեին մանկապիղծների պատիժները, ապա «Նուբարաշեն»-ի գիշերօթիկ դպրոցի հայերենի ուսուցիչը՝ տասնյակ երեխաներին բռնաբարողը, չէր պատժվի ընդամենը երեք տարի:

Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթ ունենալիս հայտարարեց Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելուն ու դրա դեմ ԱԺ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիային:

«Ավանդական արժեքների պաշտպանության կեղծ արշավներ անող խմբակը, արժեքների մասին միայն հիմա հիշած շահարկողները լավ կլիներ՝ այդ արշավներն անեին տարիներ առաջ Նուբարաշենի դպրոցում երեխաների համար, որոնց մանկությունը, ողջ ճակատագիրը խաթարվել է։ Անգամ հիմա, երբ նրանց հետ այս միջադեպերի մասին ենք խոսում, երեխայի նման լացում են։ 10-20 տարի անց»,- ասաց նա եւ հարցրեց՝ ո՞րտեղ էիք, ինչու՞ այդ ժամանակ չէիք ջարդում ԱԺ-ի դռները։

«Որոշ շրջանակներ, որոնք այսօր դեմ են կոնվենցիային, որը չեն էլ կարդացել, չեն էլ հասկանում, թե ինչ է այն նախատեսում, լավ կլիներ՝ պաշտպանեին եւ ակցիաներ անեին տարիներ առաջ Ախթալայում, որտեղ 22 դեպքով եղավ դատարանի վճիռ, բայց մենք չգիտենք, կարող է հարյուրավոր տղաներ բռնաբարվում էին մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից»,- ասաց պատգամավորն ու նկատեց, որ, իհարկե, մանկապիղծ մեծահարուստի դեմ մարդիկ համարձակություն չունեին բողոքելու։ «Քանի որ նա ձեր սիրելի նախկին վարչապետի խորհրդականն էր։ Այս օրերին հաճախ գրում են, թե բա՝ ինչու՞ այս կոնվենցիան նախկինում չէր ընդունվում, վաղուց նախկինները ստորագրել էին, բայց չէին վավերացրել․ որովհետեւ ավանդապա՞շտ էին։ Ո՛չ, որովհետեւ նրանց վարչապետի խորհրդականը հենց մանկապիղծ էր, որովհետեւ մանկատներից եւ ծննդատներից երեխաներ էին վաճառում։ Ո՞վ էր պաշտպանում Ախթալայի երեխաներին եւ ո՞ւմ շնորհիվ վերջապես մանկապիղծը կանգնեց դատարանի առջեւ»,- ասաց նա եւ պնդեց, որ նրանք այսօր արժեքները թմբկահարող եւ ավանդականության կեղծ օրակարգը շահարկողները չէին։

Աբրահամյանի պնդմամբ՝ այդ երեխաների կողքին էին բացառապես նույն այդ խմբակի կողմքից ամեն օր անվանարկվող իրավապաշտպաններն ու լրագրողները։ Այս երեսպաշտությունն ու կեղծ արժեքները, Աբրահամյանի խոսքով, արդեն անտանելի են։

«Սրա՞նք են ձեր արժեքները, որոնք ներկայացնում եք, որպես ավանդականություն։ Դա իմ ավանդույթը չէ»,- ասաց Աբրահամյանը՝ մեջբերելով Սահմանադրության 3-րդ հոդվածը, որտեղ ամրագրված է, որ ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է եւ որեւէ մեկն իրավունք չունի խախտելու մարդու անօտարելի արժանապատվությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել