Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով մեղադրյալների դեմ առկա է երկու ցուցմունք. տուժողի ներկայացուցիչ |armtimes.com|
22:16 - 11 մայիսի, 2020

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով մեղադրյալների դեմ առկա է երկու ցուցմունք. տուժողի ներկայացուցիչ |armtimes.com|

armtimes.com: Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործով մեղադրյալների դեմ տեսանյութից բացի առկա է Ոստիկանության երկու աշխատակցի ցուցմունք: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց գործով տուժողի փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ հավելելով, որ նշված չէ՝ ցուցմունք տվողները Ոստիկանության նախկին թե ներկա ծառայողներ են:

Հիշեցնենք՝ 2019 թ. նոյեմբերին համացանցում հրապարակվեց «Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես են մի քանի հոգի բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ: Տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով)։ Նույն հոդվածով մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանին եւ նույն բաժնի նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանին, որը այժմ Ճամբարակի բաժնի պետն է, նրա լիազորությունները կասեցված են: Նախաքննության ընթացքում պարզվեց նաեւ ենթադրյալ բռնության ենթարկված անձի ինքնությունը, որը ճանաչվեց տուժող։ Նշենք, որ երկու մեղադրյալների վերաբերյալ գործի նախաքննությունը ավարտվել է: Այն ուղարկվել է դատարան եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վարդան Լ. Գրիգորյանին:

Տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը մեկ ամիս առաջ մեզ տեղեկացրել էր, որ նախաքննությունը շարունակվող մայր գործով միջնորդություն է ներկայացրել իր վստահորդի նկատմամբ հոգեբանական փորձաքննություն նշանակելու համար. «Ֆիզիկական վնասից բացի նա նաեւ հոգեբանական վնաս, տառապանք է ստացել, այդ պատճառով նման միջնորդություն եմ ներկայացրել, որի հիման վրա քննիչը հարցաքննություն է նշանակել»,- ասել էր նա: Մեր զրույցում Ղարագյոզյանը հայտնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հարցաքննության փոխարեն իր վստահորդը գրավոր է դիրքորոշում հայտնել՝ նշելով, որ համաձայն է իր միջնորդությանը. «Նա եւս ասել է, որ հոգեբանական ճնշման է ենթարկվել, եւ քննիչը միջնորդությունը բավարարել է, որոշում է կայացրել փորձաքննություն նշանակելու մասին, այժմ սպասում ենք փորձագետին»:

Թե նախաքննությունը շարունակվող մայր գործով այժմ քննչական ինչ գործողություններ են իրականացվում, Ղարագյոզյանը տեղյակ չէր, ասաց, որ երկու մեղադրյալի վերաբերյալ գործը դատարան ուղարկելուց հետո քննչական մարմնից նոր տեղեկատվություն չեն ստացել. «Գուցե դա պայմանավորված է տարածված վիրուսով, ամեն դեպքում, հետեւողական ենք լինելու, որ կատարվածն ամբողջ ծավալով բացահայտվի»:

Ինչ վերաբերում է գործի՝ դատարան ուղարկված մասին, փաստաբանի խոսքով՝ այն երկու հատոր է, եւ տուժող կողմի գնահատմամբ՝ բավարար է հիշյալ երկու անձանց մեղադրանքը հաստատելու համար. «Տուժող կողմը գտնում է, որ երկու մեղադրյալների մասով գործի նյութերը բավարար էին. թեեւ տեսանյութում անձանց դեմքերը շատ լավ չեն երեւում, բայց ըստ էության, երեւում է՝ ով ինչ գործողություն է կատարում, դատարանում այդ տեսանյութը երեւի կտեսնենք, դրանից բացի, կան նաեւ  ոստիկանության 2 աշխատակցի ցուցմունքներ, բայց չեմ կարող բարձրաձայնել դրանց բովանդակությունը, քանի որ դատարանում դեռ չեն հետազոտվել»: Թե ովքեր են տեսանյութում երեւացող մյուս անձինք, Ղարագյոզյանի խոսքով՝ իր վստահորդը չի կարող հիշել, քանի որ երկար ժամանակ է անցել (նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2008 թ.,- խմբ.), բայց տեսնելու դեպքում նրանց կճանաչի. «Այսինքն՝ եթե բացահայտվի նրանց ինքնությունը, եւ ճանաչման ներկայացման փորձ սկսվի, կճանաչի»,- ասաց նա:

Անդրադառնալով պաշտպանական կողմի այն հայտարարություններին, թե այս գործով քրեական պատասխանատվություն կրելու վաղեմության ժամկետներն անցել են, Արա Ղարագյոզյանն ասաց. «Թեպետ այս գործը խոշտանգման հոդվածով չի հարուցված, բայց իր նկարագրական բոլոր գործողություններով խոշտանգում է, իսկ Եվրոպական կոնվենցիայով եւ Եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված է, որ խոշտանգումների գործերով չի կարող վաղեմության ժամկետ կիրառվել, այսինքն՝ եթե դատարանը նայի չոր, միայն Քրեական դատավարության օրենսգրքի տեսանկյունից, ապա բնական է՝ առաջին հայացքից վաղեմության ժամկետ կկիրառի, բայց նա պետք է հաշվի առնի նաեւ միջազգային բարձր պայմանագրերը. եթե այդ հիմքով գործի վարույթը կարճեն, հետագայում պետությունը Եվրոպական դատարանի առջեւ կկանգնի, որովհետեւ խոշտանգումների գործերի նկատմամբ պետությունը պոզիտիվ պարտականություն ունի»:

Շարունակությունը՝ armtimes.com կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել