Շիրակի մարզպետարանը պարզաբանում է Մարալիկի ԲԿ-ում բողոքի պատճառ դարձած իրավիճակը

 |armenpress.am|
19:46 - 12 մայիսի, 2020

Շիրակի մարզպետարանը պարզաբանում է Մարալիկի ԲԿ-ում բողոքի պատճառ դարձած իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզի Մարալիկի հիվանդանոցի աշխատողները մայիսի 12-ին բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով վճարել իրենց ամբողջական աշխատավարձը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բուժաշխատողները հայտնում էին, որ իրենց աշխատավարձերը տրամադրվելու են 20 տոկոսով պակաս, քանի որ իրենք եղել են ինքնամեկուսացման մեջ։ Մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը նշեց, որ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում և կան Կառավարության համապատասխան որոշումներ և ՀՀ ԱՆ նախարարի հրաման։

«Մարալիկի առողջության կենտրոնում համավարակի այս ժամանակահատվածում մեծ բռնկում եղավ․ անձնակազմից 25 աշխատակցի թեստավորման պատասխանը դրական էր, այսինքն՝ նրանց մոտ հայտնաբերվել էր նոր տիպի կորանավիրուս։ Ընդհանուր առմամբ աշխատակիցներին մեկուսացնելու որոշումն ինքնակամ չի եղել, այլ համաճարակաբանական հետազոտության և մոնիթորինգի արդյունքում։ ԲԿ-ում եղել է 25 վարակված անձ, հետևաբար՝ անձնակազմի մնացած անդամները կամ կոնտակտավոր էին, կամ երկրորդային կոնտակտավոր։ Այս ամենից հետո որոշում կայացվեց փակել այդ առողջության կենտրոնը։ Նմանատիպ դեպքերի համար, Կառավարությունում 2020 թ-ի մարտի 16-ին ընդունվել է որոշում, ինչպես նաև կա 2011 թվականի որոշում և 2020 թ-ի հունվարի 31-ի ՀՀ առողջապահության նախարարի հրաման, որոնց հիման վրա կարգավորվում է աշխատավարձի տրամադրման հարցը՝ աշխատող և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց դեպքում»,- նշեց Ասլանյանը։

Նրա խոսքով՝ ըստ այդ որոշումների և հրամանի, կարանտինի, ինչպես նաև բժշկական հսկողության տակ գտնվող անձանց, իրենց մեկուսացման մեջ գտնվելու 14 օրվա համար պետք է տրամադրել անաշխատունակության թերթիկ։ Լեյլի Ասլանյանը շեշտեց, որ այդ թերթիկի համար փոխհատուցումը Կառավարության 10-24-Ն որոշմամբ տրամադրվում է 80 տոկոսով։ «Մարալիկի ԲԿ-ի աշխատակիցները ինքնամեկուսացման մեջ եղած ժամանակ իրենց աշխատավարձի 100 տոկոսի փոխարեն կստանան 80 տոկոսը։ Սա օրենքով սահմանված է և ոչ ոքի կամայականությունը չէ, մենք շարժվել ենք՝ ելնելով համաճարակաբանական մոնիթորինգից»,- ասաց Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել