hetq.am: 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։

Ըստ ՎԶԵԲ-ի Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների նոր հրապարակման` «գլոբալ անորոշությունը և նվազող պահանջարկը, որոնք առաջացել են կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով և զուգակցվել պարենային ապրանքների գների անկայունության հետ, ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝ կնվազի հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալը, ինչպես նաև անուղղակիորեն՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ազդեցության ու դրամական փոխանցումների հավանական կրճատման արդյունքում: Սոցիալական սահմանափակումների և ցածր շարժունակության երկարատև միջոցառումները վնաս կհասցնեն Հայաստանի զբոսաշրջության ոլորտին, որը մեծապես կախված է արտերկրում ապրող հայերի այցերից»:

Վերականգնումը կախված կլինի երկրի ներսում վիրուսի տարածումը զսպելուն ուղված միջոցառումների աստիճանական թուլացումից և տարվա երկրորդ կեսին սովորական վիճակին վերադառնալու տեմպից:

Այս տարի ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների տնտեսությունները, հավանաբար, միջինում 3,5 տոկոսով անկում կգրանցեն, իսկ 2021 թվականին հնարավոր է 4.8 տոկոս աճ, ասվում է զեկույցում՝ նախազգուշացնելով, սակայն, որ կանխատեսումները ենթակա են «աննախադեպ անորոշության»:

Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ ճգնաժամը չափավոր ազդեցություն կունենա տնտեսական արդյունքների երկարաժամկետ հետագծի վրա, և աճը կվերսկսվի երրորդ եռամսյակի ավարտին, սակայն տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքները, հավանաբար, նշանակալի և երկարաժամկետ կլինեն։ 

«Եթե սոցիալական հեռավորության առումով սահմանափակումները ուժի մեջ մնան շատ ավելի երկար, քան կանխատեսվում էր, անկումը կարող է լինել շատ ավելի խորը, և այդ դեպքում հետագա տարիների ընթացքում չի հաջողվի հասնել 2019 թվականին գրանցված՝ մեկ շնչի հաշվով արտադրանքի մակարդակին», - ասվում է զեկույցում:

ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում զսպման միջոցառումները ազդել են ներքին պահանջարկի և առաջարկի վրա: Արտաքին ցնցումները ներառում են պարենային ապրանքների գների կտրուկ անկում (ազդելով պարենային ապրանքներ արտահանող ընկերությունների վրա), գլոբալ արժեքային շղթաների խափանում, տուրիզմի կոլափս և դրամական փոխանցումների նվազում:

ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում զարգացող տնտեսություններում՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա, Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: ՎԶԵԲ-ի գործունեության գրեթե բոլոր երկրները, ամենայն հավանականությամբ, այս տարի տնտեսական անկում կապրեն, բացառությամբ փոքր թվով երկրների, ներառյալ Թուրքմենստանը և Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Եգիպտոսը:

Կենտրոնական Ասիայի երկրներում, որոնք ճնշման տակ են ընկել պարենային ապրանքների գների և տրանսֆերտների կտրուկ անկման հետևանքով, այս տարի տնտեսական աճը կնվազի միջինում 1,2 տոկոսով՝ նախքան 2021 թվականին վերականգնվելը՝ գրանցելով 5,8 տոկոս աճ։

Ղազախստանն ու Ուզբեկստանը օգտագործում են իրենց հասանելի բուֆերները` տնտեսությանը զգալի խթան ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ, ավելի փոքր երկրներում, ինչպիսիք են Ղրղզստանի Հանրապետությունը, Մոնղոլիան և Տաջիկստանը, անկում է գրանցվում ծայրահեղ սահմանափակ հարկաբյուջետային հնարավորությունների և զգալի պարտքերի պատճառով։

Կենտրոնական Եվրոպայում և Մերձբալթյան երկրներում սահմանափակումների խիստ միջոցառումները ներառում են բիզնեսների և դպրոցների զանգվածային փակում, մինչդեռ ընդհատված արժեքային շղթաները խոչընդոտում են արտադրության գործընթացը, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում, որն օրինակ՝ Սլովակիայի հանրապետությունում կազմում է արդյունաբերական արտադրության գրեթե կեսը: Կրճատված արտաքին պահանջարկը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի է հետաձգելու վերականգնումը: Կանխատեսվում է, որ 2020 թվականին արդյունքը տարածաշրջանում կնվազի 4,3 տոկոսով, սակայն 2021 թվականին կրկին կամրապնդվի՝ աճելով 4,5 տոկոսով:

Զեկույցում նշվում է, որ Լեհաստանը, որն ունի Կենտրոնական Եվրոպայի և Մերձբալթյան տարաժաշրջանի ամենամեծ տնտեսությունը, հատկապես կայուն է եղել 2008-09 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Ակնկալվում էր, որ կորոնավիրուսային ճգնաժամն ավելի ուժեղ ազդեցություն կունենա երկրի ներսում բիզնեսի և զբաղվածության վրա՝ հաշվի առնելով Լեհաստանի բարձր մակարդակի ինտեգրումը գլոբալ արժեքային շղթաներին և առևտրի մեծ ազդեցությունը, հատկապես Եվրամիության (ԵՄ) շրջանակներում: Լեհաստանի տնտեսությունը 2020 թվականին 3,5 տոկոս անկում կապրի, իսկ 2021 թվականին կաճի 4,0 տոկոսով:

Ըստ զեկույցի, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրները, ամենայն հավանականությամբ, խիստ ազդեցության կենթարկվեն կորոնավիրուսային ճգնաժամի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների խստացման, արտարժույթի ներքին շուկաների վրա ուժեղ ճնշման և արտահանման նկատմամբ արտաքին պահանջարկի նվազման հետևանքով:

Պարենային ապրանքների գների անկումը լրացուցիչ բեռ է ստեղծել ածխաջրածիններ և մետաղներ արտահանողների` Ադրբեջանի, Ուկրաինայի և Հայաստանի համար, մինչդեռ տրանսֆերտների ակնկալվող նվազումը ճնշում է գործադրում տնային տնտեսությունների մեկանգամյա եկամտի վրա, հատկապես Մոլդովայում, Հայաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Զբոսաշրջությունից եկամուտների կորուստը լուրջ հարված կլինի Վրաստանի տնտեսության համար:

Ուկրաինայում կրճատված արտաքին պահանջարկի և ներքին պահանջարկի անկման համադրությունը`պայմանավորված վիրուսի տարածումը զսպող հանրային առողջապահական միջոցառումներով, իր վնասը հասցրեց արտադրության և ծառայությունների ոլորտներին: Ակնկալվում է, որ 2020 թվականին տնտեսական աճը կնվազի 4,5 տոկոսով, իսկ 2021-ին կգրանցվի 5,0 տոկոս աճ։

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանն ապրեց կրկնակի ցնցում․ թե՛ կորոնավիրուսային համավարակը, որը բերեց գլոբալ պահանջարկի նվազմանը, և թե՛ նավթի արդյունահանումը սահմանափակելու մասին համաձայնագրի ձախողումը, որոնք միասին հանգեցրեցին նավթի գների էական անկմանն ու գործունեության կտրուկ դանդաղեցմանը:

Շարունակությունը՝ hetq.am-ում