Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ այսօր Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայր ստացավ 11 մոտոբլոկ: Սարքավորումները ռոտացիոն եղանակով կօգտագործվեն համայնքներում առավել խոցելի արտադրողների կողմից: Այս աջակցությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից Հայաստանին անմիջական օգնության մի մասը` գյուղատնտեսական ոլորտում COVID-19 ճգնաժամի հետևանքները մեղմելու համար:

Սարապատին 5 մոտոբլոկ է տրամադրվել 6 գյուղական բնակավայրերի համար՝ Գոգովիտ, Սարապատ, Մուսայելյան, Արփենի, Ցողամարգ, Թորոսգյուղ:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունեց ներկաներին և կարևորեց ծրագրի իրականացումը Շիրակի մարզում․

«Համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պարենային անվտանգությունն ու գյուղատնտեսության շարունակական զարգացումը դառնում են խիստ կարևոր առաջնահերթություններ և այս տեսանկյունից առաջնային են դառնում գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիական լուծումները և հողի մշակման ծավալների աճը։ Ուրախ եմ, որ մեր գործընկերները Եվրոպական միությունից արձագանքեցին մեր այս կարիքներին և այսօր, մեր համագործակցության բարձր մակարդակը պահելով, ստանում ենք թիրախային կարևոր աջակցություն Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքների տնտեսվարողների համար»։

«Այս մոտոբլոկերի ձեռքբերման անհրաժեշտությունն առաջ է եկել ընդամենը մեկ ամիս առաջ մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում: Եվրոպական միության աջակցությամբ Ավստրիական զարգացման գործակալությանը հաջողվել է ժամանակին կազակերպել գյուղտեխնիկայի մատակարարումն այնպես, որ այն օգտագործվի ընթացիկ սեզոնին` հնարավորություն ընձեռելով գյուղատնտեսության մեջ խոցելի խմբերին լինելի նքնաբավ և կայուն», - նշեց ԵՄ- GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը:

Մոտոբլոկերի մատակարարման ժամանակ հուշագրեր ստորագրվեցին Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանիև Ամասիայի համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ: Բացի այդ, շահառուներին ցուցադրվեց, թե ինչպես լավագույնս և արդյունավետորեն օգտագործել նոր սարքավորումները:

Հաշվի առնելով խոցելի արտադրողների կարիքները, Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը, որն իրականացնում և համաֆինանսավորում է ԵՄ-ի Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA ծրագիր), ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ, պայմանավորվեցին Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի համայնքներին տրամադրել փոքրածավալ հողագործական մեքենաներ (մոտոբլոկեր)`մեղմելու ներկայիս COVID-19 ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցությունը: Միջոցառումներն ուղղված են ծրագրի թիրախային մարզերի առավել խոցելի խմբերին: