Կառավարությունն ընդունեց մինչև հունիսի 13-ը արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու մասին որոշումը
11:49 - 14 մայիսի, 2020

Կառավարությունն ընդունեց մինչև հունիսի 13-ը արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու մասին որոշումը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության անդամներին ներկայացրեց Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում կատարված որոշ փոփոխությունները և հաստատվող  սահմանափակումները ։ Բադասյանը մասնավորապես ասաց․

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին  օրենքում  վերջերս կատարված փոփոխություններին համահունչ կառավարության որոշումամբ հստակեցվում է պարետի, պարետատան և պարետի կողմից ընդունվող իրավական ակտերի կարգավիճակը։ Հստակեցվում է անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման՝ մասնավորապես մեկուսացման և հարկադիր հոսպիտալացման կարգը, այն  կիրառող մարմինների շրջանակը, մեկուսացված և հոսպիտալացված անձանց տրվող երաշխիքները ։   Ընդ որում, անձնական ազատության իրավունքը սահմանափակող  ակտերը կարղ են վիճարկվել վարչական կամ դատական կարգով։ Սահմանվում է նաև, որ մի շարք սահմաանփակումներ, օրինակ՝ ազատ տեղաշարժվելու, ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնելու սահմանափակումները կարող են կիրառվել նաև պայմաններով։ Օրինակ՝ կարող է որոշ տարածքներում պարտադիր դիմակների կրումը և այլն։ Ընդ որում  այդ պայմանը խախտելը որակվելու է հենց ազատ տեղաշարժի իրավունքի խախտում։  Որոշակիորեն մեղմվել են ՔԿՀ-ներին վերաբերող սահմանափակումները, մասնավորապես թույլ ենք տալու, որպեսզի շաբաթը մեկ, մեկ անձի կողմից հանձնուկ հանձնելու հնարավորությւոն տրվի։ Որոշման նախաբանում կարվեն որոշակի վիճակագրական թարմացումներ»։

Կառավարության որոշումը՝ 

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

-հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով (2020 թվականի ապրիլի 14-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 2471), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,

-հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

-հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարել ու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը

-և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել