Armdaily.am-ի պնդումը, թե Քյարամյանն առանց գնդապետի կոչում ունենալու չէր կարող դառնալ ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում օրենքին
16:15 - 14 մայիսի, 2020

Armdaily.am-ի պնդումը, թե Քյարամյանն առանց գնդապետի կոչում ունենալու չէր կարող դառնալ ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում օրենքին

Այսօր՝ մայիսի 14-ին, armdaily.am կայքը հրապարակել է «ԱԱԾ-ում արշալույսները խաղաղ չեն․ աշխատանքից ազատման դիմումները՝ Քյարամյանի նշանակման դեմ ընդվզում» վերտառությամբ հոդված, որտեղ նշվում է, որ Արգիշտի Քյարամյանի Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնում նշանակելու համար նրան գնդապետի կոչում են տվել, որը համառորեն թաքցնում են։ 

«Մինչեւ օրս ԱԱԾ կայքում, ի տարբերություն մյուս տեղակալների, նշված չէ Քյարամյանի կոչումը։ Սակայն առանց այդ կոչման նա չէր կարող զբաղեցնել այդ պաշտոնը»,- գրել է լրատվամիջոցը։

Նախ նշենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արգիշտի Քյարամյանը չէր կարող անմիջապես նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, քանի որ ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի․

«Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները»:

Սակայն Քյարամյանը զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, իսկ ՊՎԾ-ն ազգային անվտանգության մարմին չէ և վերոգրյալ ցանկում ևս առկա չէ։ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար նրան նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա տեղափոխեցին ԱԱԾ։ 

Armdaily.am կայքի այն պնդումը, թե առանց գնդապետի կոչման Քյարամյանը չէր կարող նշանակվել ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» վերոգրյալ օրենքի պահանջին, որի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

Բանն այն է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ի 5-րդ մասի համաձայն՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ «և» կամ «ու», ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ «և» կամ «ու» շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ «կամ» շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

Հետևաբար կամ շաղկապը հստակ տարանջատում է «․․․մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն․․․» հատվածը՝ «․․․մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում։» հատվածից, ինչը ենթադրում է, որ այս երկու պայմաններից որրևէ մեկի բավարարումը բավարար է նորմի կիրառման համար։  

Բացի այս՝ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քննչական կոմիտեի տեղակալի պաշտոնը համարվում է բարձրագույն խմբի պաշտոն, իսկ Քյարամյանն, ինչպես արդեն նշել ենք, մինչեւ ԱԱԾ պետի տեղակալ դառնալը՝ նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ։

Վերոնշյալից կարրող ենք եզրակացնել, որ ՔԿ բարրձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողին ԱԱԾ պետի տեղակալ նշանակելու համար նրա՝ գնդապետից ոչ ցածր կոչում ունենալը պարտադիր չէ։

Այսպիսով, armdaily.am կայքի պնդումը չի համապատասխանում օրենքով նախատեսված պահանջներրին։

Հիշեցնենք՝ մայիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։ Անմիջապես հաջորդ օրը Փաշինյանի որոշմամբ նա ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Infocom.am-ն անդրադարձել է նաև Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելու համապատասխանությանը դա կարգավորող իրավական ակտի էությանը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել