Հիմա փորձ է արվում իզոլացնել այս կամ այն գործչին և նրա նկատմամբ թունավորման գործընթաց սկսել |lragir.am|
14:02 - 15 մայիսի, 2020

Հիմա փորձ է արվում իզոլացնել այս կամ այն գործչին և նրա նկատմամբ թունավորման գործընթաց սկսել |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ

Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք գնահատում ԱԳՆ-ի դիմաց նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ տեղի ունեցած միջադեպը, երբ մի երիտասարդ հեռախոսը միացրած նրան հարցեր էր ուղղում Լավրովի հայտարարությունների մասին: Շատերը նշում են, որ սա իշխանությունների հանդեպ հերթական սադրանքն է:

Ես սա ընդունում եմ որպես պետականությանն ուղղված մարտահրավեր, որովհետև սա որպես առանձին դեպք դիտարկելը սխալ է: Այս ամենը իրոք Հայաստանի պետականության դեմ է ուղղված, որովհետև այդ մարդիկ երևի թե շատ լավ իմանալով դիվանագիտության նրբությունները, փորձում են ինչ-որ կերպար ստեղծել, որը որևէ կերպ չի առնչվում Հայաստանի Հանրապետության շահերին:

Փորձում են նորից Ղարաբաղի թեման օրակա՞րգ բերել:

Դա մի թեմա է, որն անընդհատ շահարկվել է: Դրանք տարբեր սերնդի խմբակներ են, որոնք միշտ տրադիցիոն ձևով մանիպուլացրել են այդ հարցը: Բայց ես կարծում եմ, որ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի պատասխանից հետո նորմալ երկրում այդ թեման ընդհանրապես պետք է չքննարկվեր, որովհետև մարդը պետք է իր երկրի ԱԳՆ-ին վստահի: Եթե ոմանք այլ կերպ են ուզում լինի, կարող են իրենց քաղաքացիությունը փոխեն:

Ձեր կարծիքով՝ ո՞վ է հրահրում նման գործողություններ: Նախորդ իշխանություննե՞րը, և երբ ենք այս մտայնությունից դուրս գալու:

Մենք այդ մտայնությունից չեմ կարծում, թե հեշտ դուրս կգանք, որովհետև կան նախորդ իշխանության հետ կապված մարդիկ, հնամաշ տիկնիկները, որ պահարանից հանվել ու դուրս են նետվել, հիմա այդ բոլորը միասին մի ծիրի մեջ են: Եվ դա միայն նախորդներով չի սահմանափակվում, կան նաև այլ քաղաքական ուժեր, որ այդ ծիրի մեջ են: Նրանց ամբողջ նպատակն այն է, որ հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն են կատարում՝ չհասկանալով Արցախի խնդրի շուրջ ԱԳ նախարարի վարած գործունեությունը, այն պարագայում, երբ թե Բրատիսլավայում, թե այլուր ԱԳ նախարարը շատ հստակ Հայաստանի և Արցախի համար կարմիր գծերը ֆիքսել է:

Կարծում եք, որ անկեղծ մղումով չէին մոտենա ու նման հարցեր չէի՞ն տա՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում կասկածներ էին արտահայտվում փուլային լուծման վերաբերյալ Լավրովի ելույթի հետ կապված:

Եթե այդ անկեղծ մղումը կար, ոչ ոք չէր խանգարում, օրինակ, ժամանակին Կազանյան փաստաթղթից հետո գնալ ու հարցնել, թե դա ինչ է: Ինչ վերաբերում է կասկածներին, դրանք իրենք են ստեղծում տարբեր ուժերի միջոցով: ՀՀ քաղաքացին պետք է վստահի իր երկրի ԱԳ նախարարությանը, այստեղ կասկած չի կարող լինել: Մյուս կողմից, ես վստահ եմ, որ ՀՀ կառավարության նկատմամբ հայության շրջանում վստահությունը մնում է շատ բարձր, հետևաբար կառավարության առանձին ներկայացուցչի նկատմամբ ևս բարձր վստահություն է առկա: Ու հիմա փորձ է արվում իզոլացնել այս կամ այն գործչին և նրա նկատմամբ թունավորման գործընթաց սկսել: Դա պետք է կանխվի, և ժողովրդավարությունը Հայաստանում պետք է լինի պաշտպանված:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել