24news.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը մայիսի 15-ին հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ բացատրություններ տալու: Այս մասին տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը։ 

«Ըստ ՀՔԾ-ի մենք ծեծկռտուքի ակտիվ մասնակիցների շարքում ենք եղել և դրա վերաբերյալ բացատրություններ ենք տվել։ Ես պատմել եմ ամենը, ինչ տեղի է ունեցել։ Տեսանյութում էլ է պարզ երևում, որ Վահե Ղալումյանին հետ քաշելու ընթացքում ընկել է։ Լիլիթ Մակունցն այդ գործողությունը բնութագրում է որպես բռնություն, իբր հարվածել եմ, բայց ես բազմիցս ասել եմ, որ ոչ մի հարված չեմ հասցրել Ղալումյանին։ Եթե հարվածելու մտադրություն ունենայի, չէի գցի Ղալումյանին, հետո հարվածեի, միանգամից կհարվածեի», - պատմեց Ալեքսանյանը։

Պատգամավորի պարզաբանմամբ՝ միջադեպի ժամանակ հրմշտոց է եղել, և հնարավոր է՝ տեսանյութում տպավորություն ստեղծվեր, որ հարվածներ են եղել։ Ալեքսանյանը նշեց, որ, ըստ տեսանյութի, Ղալումյանն ընկած տեղից վեր է կացել, և իրենց ուղղությամբ հարձակողական հարվածներ չեն եղել, ինչը, Ալեքսանյանի պնդմամբ, ապացուցում է, որ իրենք չեն հարվածել Ղալումյանին։ 

Մեր այն դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ ասել են, թե իրենց աչքով են տեսել՝ ինչպես է Ալեքսանյանը հարվածում Ղալումյանին, պատգամավորը արձագանքեց․«Նրանք ստում են, հարվածներ չեն եղել»։