Տեղի ունեցավ հերթական չվերթը «Դոմոդեդովո»-ից. այս անգամ քաղաքացիները վճարել են տոմսերի համար
 |armtimes.com|
19:50 - 15 մայիսի, 2020

Տեղի ունեցավ հերթական չվերթը «Դոմոդեդովո»-ից. այս անգամ քաղաքացիները վճարել են տոմսերի համար |armtimes.com|

armtimes.com: Քիչ առաջ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ավիաընկերության ինքնաթիռը իրականացրեց հերթական տարանցիկ չվերթը դեպի Երևան: Չվերթով Երևան են վերադառնալու ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտացուցակում ըստ համարակալման հերթագրված քաղաքացիները: Ի տարբերություն ապրիլ ամսվա ընթացքում կայացած նախորդ 7 չվերթների, որի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, (1300-ը անվճար հիմունքով), այս անգամ քաղաքացիները, որոշ բացառությամբ, իրենք են վճարել իրենց ավիատոմսերի համար:

Դեսպանության մամուլի ծառայություն ուղղված հարցմանը, թե ավելի վաղ ֆինանսական ինչպիսի՞ միջոցներով է կազմակերպվել մոտ 1300 քաղաքացու անվճար տեղափոխումը դեպի Հայաստան, արդյո՞ք, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կամ ՀՀ կառավարությունը պետբյուջեից հատկացրե՞լ են միջոցներ այդ նպատակի համար, մամուլի ծառայությունը պատասխանել է.

«Դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրություններում բազմիցս նշվել են ավիատոմսերի ձեռքբերման հարցում աջակցություն ցուցաբերած բարերարների, անհատների ու կառույցների անուններն ու անվանումները։ Որոշ աջակիցների անուններ, իրենց իսկ ցանկությամբ, չեն հրապարակվել։ Ավիատոմսերի ձեռքբերումը չի իրականացվել դեսպանության միջոցների հաշվին: Նշյալ ուղղությամբ աշխատանքների իրականացման համար պետական միջոցներ չեն հատկացվել»։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Մոսկվայի ժամանակավոր կացարաններում ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղավորել է ավելի քան 350 ՀՀ քաղաքացու, որոնց մի մասը կշարունակի մնալ հյուրատներում և սպասել առաջիկա չվերթներին դեպի Հայաստան:

Հարցին, թե ՌԴ տարբեր քաղաքաներում, այդ թվում՝ Մոսկվայում թռիչքի սպասող ՀՀ քաղաքացիներին կացարաններով, ինչպես նաև պարենային զամբյուղներով ապահովելու համար, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իր բյուջեից որքա՞ն գումար է առանձնացրել և ծախսել մինչ այս պահը, մամուլի ծառայությունը մեկնաբանեց, որ սույն թվականի ապրիլի 23-ից սկսած՝ ժամանակավոր կացարաններում բնակվող քաղաքացիների ծախսերը հոգում է դեսպանությունը՝  համաճարակային կանխարգելիչ միջոցառումների համար իր բյուջեյում հատուկ նախատեսված միջոցներով:  Այս օրերի ընթացքում քաղաքացիների կացության վրա ծախսված գումարը կազմել է 675 հազար ՌԴ ռուբլի: Գումարը միանվագ ծախս չէ, քանզի, ինչպես արդեն նշվեց, հյուրատներում դեռ կան թռիչքի սպասող քաղաքացիներ:

«Քաղաքացիների սննդի ապահովումը, ինչպես նաև պարենային զամբյուղի տրամադրումը մեծամասամբ հոգում է դեսպանությունը՝ իր միջոցների հաշվին։ Այս հարցում ևս աջակցություն ենք ստանում անհատ բարերարներից ու տարբեր կառույցներից, որոնք իրենց իսկ միջոցներով կազմերպելու են սննդի ձեռքբերումն ու տրամադրումը», -նշված է մամուլի ծառայության պատասխանում:

Մոսկվա


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել