Այսօր տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի 8-րդ ասուլիսը։

Ասուլիսին հնչեցված առաջին հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի և իր հետ ճանապարհ անցածների (լրագրողներ, «Հայ ազգային կոնգրես», «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ) հարաբարություններում առաջաց խնդիրներին, դրանց պատճառներին։

Անդրադառնալով վերոնշյալ հարցին Նիկոլ Փաշինյանն նշեց, որ առնվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ են եղել և հրապարակային են եղել։

«Պարզապես, երբ եկել են վճռական պահեր, դրանից առաջ էլ ես ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ սեփական պատկերացումները։ Այդ պատկերացումները որոշակի հատվածով համընկել են նաև մի շարք քաղաքական ուժերի ունեցած պատկերացումների հետ և մի պահից այդ պատկերացումները ընդհանրապես դադարել են գոյություն ունենալ։ Եվ եթե այստեղ խոսվում է անցած ճանապարհի մասին, երևի թե իմ անցած ամենակարևոր ճանապարհը իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել է 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիից սկսած ճանապարհը։ Այդ ժամանակ մենք համախոհների փոքր խմբով ենք իրականացրել»-մասնավորապես ասաց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ «Հայ ազգային կոնգրես»-ի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ՝ «Ելք» դաշինքի շրջանակներում, քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթ։

Վարչապետը հիշեցրեց, որ «Հայ ազգային կոնգրեսի» պարագայում այդ առիթը եղել է հայտնի եռյակ, քառյակի տրամաբանությունը, դրանից առաջ էլ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված իր անհամաձայնությունը։

« «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն բանի ժամանակ, երբ մենք «Ելք» խմբակցությունում քննարկում էինք, որ պետք է Հայաստանում Սերժ Սարգսյանի «վերարտադրությանը» թույլ չտալուն ուղղված շարժում սկսել, քայլարշավ սկսել։ Այդտեղ արձանագրվեց շատ խորը գաղափարական հայեցակարգային տարբերություններ»-մասնավորապես նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև  լրագրողական հանրության հետ հարաբերություններին։ Նա ասաց, որ լրագրողական հանրության հետ կապված ի սկզբանե եղել է հետևյալ խնդիրը․ իր լրագրողական գործունեությունը հենց սկզբից ունեցել է շատ կարևոր գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ։

«Իմ լրագրողական գործունեությունը ենթագիտակցորեն, հետո նաև գիտակցորեն ընդունել եմ որպես քաղաքական գործունեության մաս։ Հնարավոր է՝ շատ լրագրողներ ինձ որպես այդպիսին, որպես 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել են։ Հիմա լրագրողական հանրության հետ, ԶԼՄ-ների հետ ես շփվում եմ որպես երկրի ղեկավար՝ սրանից բխող բարդություններով, նրբություններով»-ասաց Նիկոլ Փաշինյանը։