armtimes.com: ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը ազատվել է աշխատանքից: Արդեն նախկին պաշտոնյան վստահեցրեց, որ իր դիմումը կապ չունի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակման հետ:

«Ոչ մի բանի հետ կապ չունի իմ որոշումը: Աշխատանքից ազատման զեկուցագիր եմ գրել, խնդրել եմ, որ բավարարեն, չէին բավարարում: Մայիսի 12-ից հրամանը եղել է, հիմա վայելում եմ ազատությունս»,-  ասաց Աղաջանյանը:

Հարցին, թե արդյոք բացի իրենից այլ պաշտոնյաներ ե՞ւս ազատվել են աշխատանքից, քննչական դեպարտամենտի նախկին պետն ասաց, որ մյուսներից տեղյակ չէ:

Խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե Քյարամյանի նշանակումից հետո խմորումներ են սկսվել ԱԱԾ-ում՝ Աղաջանյանը պատասխանեց. «Խժդժություն, խմորումներ զինվորական հիմնարկում ընդհանրապես չի լինում ու չկա: Բոլորս զինվորական ենք ու պետությանն ենք ծառայում: Ես ազատման դիմում գրել եմ, անցել եմ կենսաթոշակի՝ հաշվի առնելով աշխատանքի բերումով իմ լարված, ծայրահեղ լարված հոգեվիճակը: Ասացի բավական է՝ թող մի քիչ էլ երիտասարդներն աշխատեն»:

Ավելին՝ armtimes.com-ում։