armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ  «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթում նշված համագործակցության ոլորտները կնպաստեն ԵԱՏՄ-ի  ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, դրա մրցունակության և գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությանը․ «Այսօր մեզ պատուհասած համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում Հայաստանի համար հատկապես սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը: Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով գործող էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում:

Առանց դրա անհնար է Միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության հավասար պայմաններ: Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայում գներ ձևավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման և տարանցման ծառայությունների միասնական սակագները»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝  ԵԱՏՄ-ն պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այդ նպատակին, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի Միության կազմում որակապես ավելի խոր տնտեսական ինտեգրման համար: