Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կուտակել է 24 մլրդ դրամ, որպես հատուցում տրամադրել 1,9 մլրդ |civilnet.am|
16:14 - 19 մայիսի, 2020

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կուտակել է 24 մլրդ դրամ, որպես հատուցում տրամադրել 1,9 մլրդ |civilnet.am|

civilnet.am: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որի ընդհանուր ակտիվների ծավալը կազմում է 24 մլրդ դրամ, 2019թ. շուրջ 822 մլն դրամ է հատկացրել որպես հատուցում․ այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:

Հաշվետու տարում, մասնավորապես, կատարվել է 166 դեպքի հատուցում, որոնցից 35-ը տեղի ունեցել 2015-2017թթ.: 

«…2017թ.-ից հետո տեղի ունեցած 17 դեպքի հատուցում (10-ը՝ զոհված, 7-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին), 2015-2016թթ. տեղի ունեցած 18 դեպքի հատուցում (որոնցից 14-ը՝ զոհված, իսկ 4-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին)», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 2008-2014թթ. դեպքերի մասով կատարվել է 131 հատուցում, որոնցից 109-ը՝ զոհված, 22-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին:

2019-ի ընթացքում ամսական կտրվածքով վճարումներ կատարողների թվաքանակն ավելացել է շուրջ 55 հազարով: 2019թ. նվիրաբերությունների ծավալն աճել է շուրջ 21 մլն դրամով՝ կազմելով 115 մլն դրամ:

«Հիմնադրամի աուդիտն իրականացնում է աշխարհում լավագույն 4 աուդիտորական ընկերություններից մեկը համարվող «Էրնսթ ընդ Յանգը»», - ասված է հաղորդագրության մեջ:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործում է 2017 թվականի հունվարի 1-ից Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում  ստացած զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության,  կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: 

Հիմնադամի ընդհանուր ակտիվների ծավալը կազմում է 24 մլրդ դրամ, որից մինչ օրս կատարվել է 1,9 մլրդ դրամի հատուցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել