Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության խնդիրները քննարկման առարկա
16:57 - 19 մայիսի, 2020

Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության խնդիրները քննարկման առարկա

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում, քննարկվեցին ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի իրականացման ընթացքի հետ կապված մի շարք խնդիրներ:

Խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի ղեկավար Դավիթ Մեժլումյանը, նույն ծրագրի բաղադրիչի ղեկավար Կարեն Թորոսյանը, «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի Գեղարքունիքի մարզային համակարգող Խորեն Բադալյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Լճափ, Հայրավանք, Ծաղկաշեն, Ծակքար, Գանձակ համայնքների ղեկավարները:

Ինչպես խորհրդակցության սկզբում ներկայացրեց Դավիթ Մեժլումյանը, Գեղարքունիքի մարզը հանդիսանում է այս ծրագրի ամենամեծ շահառուն, որտեղ «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի եւ համայնքների համագործակցության արդյունքում գյուղատնտեսության ոլորտում մինչ այժմ ներդրվել է շուրջ 2 միլիարդ 700 միլիոն դրամ:

Այդ գումարից 1,6 միլիարդն ուղղվել է արոտների ջրարբիացմանը, 1 միլիարդը՝ գյուղտեխնիկայի ձեռքբերմանը: «Արոտների ջրարբիացման նպատակով անցկացվել է 93 կլիոմետր երկարության ջրագիծ, տեղադրվել 55 խմոց, համայնքների կարիքների համար ձեռք է բերվել 150 միավոր գյուղտեխնիկա: Ծրագիրն ընթացքի մեջ է եւ կշարունակվի մինեւ 2022 թվականի ապրիլ ամիսը: Սակայն դրան կարող են արգելք հանդիսանալ որոշ համայնքներում առաջացած պարտքերը եւ համաֆինանսավորման հետ կապված խնդիրները:

Որպեսզի ծրագիրը Գեղարքունիքում ունենա շարունակություն, պետք է համայնքները մինչեւ վերջ կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները»,-ներկայացրեց Դավիթ Մեժլումյանը:

«Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի գրասենյակի Գեղարքունիքի մարզի ծրագրերի համակարգող Խորեն Բադալյանն իր հերթին նշեց, որ այսօրվա դրությամբ արոտների ջրարբիացման ծրագրերի իրակակացման արդյունքում պարտքեր են կուտակվել Ծաղկաշեն համայնքում՝ շուրջ 100 հազար դրամի չափով եւ Հայրավանք համայնքում՝ շուրջ 450 հազար դրամի չափով:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման նպատակով համաֆինանսավորման խնդիրներն առայժմ չեն լուծվում Ծակքար, Ծաղկաշեն եւ Հայրավանք համայնքներում: «Մենք համատեղ ուժերով պետք է անենք հնարավորը, որպեսզի մարզի գյուղացիական տնտեսությունների համար կենսական նշանակության ծրագրերը չձախողվեն»,-ներկայացրեց Խորեն Բադալյանը:

Լճափ համայնքի ղեկավար Արսեն Հովսեփյանը բարձրացրեց Լճափի արոտների ջրարբիացման խնդիրը, շեշտելով, որ այսօր այն իրենց համայնքի բնակչության համար դարձել է ամենակենսական խնդիրը: Մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը հորդորեց համայնքների ղեկավարներին ու ծրագրի պատասխանատուներին՝ տեղերում քննարկել ու կարգավորել խնդիրները, գտնել արդյունավետ այնպիսի լուծումներ, որպեսզի ծրագիրը Գեղարքունիքի մարզում շարունակվի նոր ու նշանակալի ձեռքբերումներով:

Այնուհետ խորհրդակցության մասնակիցների քննարկումը շարունակվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ: Լճափ ու Գավառ համայնքներում «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի ներդրման համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի եւ ծրագրի ղեկավարի միջեւ ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել