2020-ի ապրիլին 2019-ի նույն ամսվա համեմատ անշարժ գույքի շուկայում գործարքները նվազել են․ Պետրոսյան |armtimes.com|
17:03 - 19 մայիսի, 2020

2020-ի ապրիլին 2019-ի նույն ամսվա համեմատ անշարժ գույքի շուկայում գործարքները նվազել են․ Պետրոսյան |armtimes.com|

armtimes.com: 2020թ. ապրիլ ամսին անշարժ գույքի շուկայում արձանագրվել է 2892 գործարք, ինչը 2019-ի նույն ամսվա համեմատ 82.2 տոկոսով պակաս է։ Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը՝ հավելելով, որ 2019-ի ապրիլին 16 հազար 270 գործարք է եղել։ Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված՝ հանրության մի մասի մեջ սպասելիքներ են ձեւավորվել, որ վաղ թե ուշ անշարժ գույքի գները կնվազեն։ Մյուս կողմից էլ անշարժ գույք վաճառողներն են սպասում՝ իրավիճակը կարգավորվի, որ հետո իրենց գույքը ավելի թանկ կարողանան վաճառել։

Անշարժ գույքի շուկայի վրա կորոնավիրուսի ազդեցության եւ հնարավոր հետեւանքների շուրջ հարցազրույց Արման Պետրոսյանի հետ։

- Պարո՛ն Պետրոսյան, ապրիլին գործարքների այսչափ նվազումը կորոնավիրուսո՞վ է պայմանավորված, թե՞ այլ հանգամանքներ կան:

- Սա հիմնականում պայմանավորված է այն սահմանափակմամբ, որ Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները չեն գործել մարտի 26-ից մինչեւ ապրիլի 27-ը։ Գործելուց հետո դիմումների քանակները վերականգնվել են։ Չնայած ասեմ, որ նվազում, ամեն դեպքում, մայիսին էլ ենք արձանագրելու, բայց այդ նվազումն այսչափ չի լինելու։ Ճիշտ է, մենք հնարավորություն տվել ենք քաղաքացիներին՝ բոլոր տեսակի դիմումներն առցանց ներկայացնելու, բայց քանի որ որոշ դիմումների դեպքում էլեկտրոնային ստորագրություն էր պահանջվում, հիմնականում չէին կարողանում քաղաքացիներն օգտվել, բայց, ամեն դեպքում, այս համաճարակը ազդելու է, որ գործարքները նվազեն, թե ինչ ծավալի կլինի այդ նվազումը, դեռեւս պարզ չէ։ Երբ ամփոփենք մայիս-հունիս ամիսները, պատկերը կունենանք։ Երբ գրասենյակները նորմալ աշխատեն, այդ ժամանակ հստակ կլինի, թե համաճարակն ինչքանով է ազդում անշարժ գույքի շուկայի վրա։

- 2892 գործարքները հիմնականում Երեւանո՞ւմ են եղել, թե՞ մարզերում, եւ ո՞ր տեսակի գործարքներն են գերակշռում դրանց մեջ։

- Սովորաբար գործարքների մոտ 50 տոկոսը Երեւանում է արձանագրվում։ 2892 գործարքներից 1165-ը օտարման գործարքներ են եղել, 257-ը՝ վարձակալության, 915-ը՝ գրավադրման։ Մնացածը ժառանգություն, առաջնային գրանցում եւ այլ գործարքներ են եղել։

- Գնային առումով փոփոխություններ նկատելի՞ են։

- Այս պահին՝ ոչ, ժամանակահատվածը դեռեւս կարճ է, որ ազդի անշարժ գույքի գների վրա։ Բայց եթե միտումները պահպանվեն, եւ պարբերաբար մի քանի ամիս շարունակ գործարքների քանակի նվազում արձանագրվի, անշուշտ, դա բերելու է նրան, որ սկսելու են գները նվազել։ Այս պահին դեռեւս այդպիսի միտում չունենք։ Կարելի է ասել՝ պահպանվում են այն գները, ինչը կար մինչ համաճարակը։

- Հանրության մի մասի մեջ սպասելիքներ են ձեւավորվել, որ անշարժ գույքի գները կնվազեն։ Ինչքանո՞վ եք հավանական համարում այդ սպասելիքների արդարացումը։

- Հենց այդ սպասումներն են բերում նրան, որ ավելի են սկսում նվազել գործարքները, այսինքն՝ այն մարդը, որն այսօր ուզում էր գործարք կատարել, հիմա սպասում ունի, որ, վարակով պայմանավորված, հնարավոր է՝ գները նվազեն։ Դրանից ելնելով էլ այդ գործարքն այս պահին չի իրականացնում։

- Մարդիկ հիմա շատ են օգտվում տարբեր ծրագրերից՝ նորակառույց շենքերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար։ Ինպե՞ս կազդի շուկայի տեղաշարժը նորակառույց բնակարանների գների վրա։

- Նորակառույցների ծրագրերի վրա ավելի շատ բանկային քաղաքականությունն է ազդում, քան՝ այս վիճակը։ Եթե բանկերը շարունակեն մատչելի տոկոսներով վարկեր տրամադրել եւ չկոշտացնեն պայմանները, կարծում եմ՝ նորակառույցների դեպքում խնդիր չենք ունենա։

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ անշարժ գույքի շուկայում հակառակ պատկերը լինի, եւ վաճառողները, գործարքների նվազումից ելնելով, գները բարձրացնել։

- Չէ՛, կարծում եմ՝ հակառակը. ով այս պահին ունի անշարժ գույք եւ չէր ուզում վաճառել, հիմա արդեն մտածելով, որ հետագայում հնարավոր է անշարժ գույքի գները նվազեն՝ իր գույքը կհանի վաճառքի խելամիտ գնով, որպեսզի մինչեւ գնանկումը կարողանա վաճառել, այսինքն՝ գների բարձրացում միանշանակ չենք ունենալու, դա բացառված է, բայց կարող է նաեւ հակառակը լինել. մարդիկ, իմանալով, որ գները նվազելու են, առաջարկն ավելացնեն շուկայի, եւ դա արագացնի գների նվազման տեմպերը։

- Այս ընթացքում դիմումներ կամ մտահոգություններ ստացե՞լ եք անշարժ գույքի գործակալություններից։ Ի վերջո, գործարքների նվազումը նրանց վրա էական ազդո՞ւմ է:

- Այո՛, ազդում է, բայց որեւէ ձեւով նրանց կողմից այդ հարցով դժգոհություն չենք ստացել։ Ավելի շատ դժգոհում էին, որ այդ 1 ամսվա ընթացքում դիմումներ ներկայացնելու խնդիր ունեին։ Բացի այդ, նրանց գործունեությունը օրենսդրությամբ չի կարգավորում։ Մենք՝ որպես լիազոր մարմին, իրենց գործունեության հետ որեւէ առնչություն չունենք։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել