Բադասյանի զեկույցը վերջին կաթիլն էր, որը հօդս ցնդեցրեց դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների սպասող մարդկանց հույսերը. Արման Բաբաջանյան
 |pastinfo.am|
20:50 - 19 մայիսի, 2020

Բադասյանի զեկույցը վերջին կաթիլն էր, որը հօդս ցնդեցրեց դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների սպասող մարդկանց հույսերը. Արման Բաբաջանյան |pastinfo.am|

pastinfo.am: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ պատրաստվում է վեթինգի դիմադրական շարժում ստեղծել։ «Փաստինֆո»-ն զրուցել է պատգամավորի հետ ու փորձել ճշտել, թե ովքեր են շարժման անդամները և ինչպես են պատրաստվում դատական համակարգի ներկայացուցիչների մասին տեղեկատվություն հավաքագրել։

-Պարոն Բաբաջանյան, հայտարարեցիք, որ դատական համակարգի նվիրյալ ներկայացուցիչների հետ պատրաստվում եք վեթինգի դիմադրական շարժում ստեղծել, ովքե՞ր են Ձեր նախաձեռնած շարժման անդամները, կարո՞ղ եք թվել նրանցից մի քանիսի անունները։

- Այդ նախաձեռնության մասին իմ հայտարարությունից հետո ինձ դիմել են բազմաթիվ իրավապաշտպաններ, փաստաբաններ, այո, նաև դատական համակարգի ներկայացուցիչներ։ Քանի որ դեռևս չունեմ նրանց անունները հրապարակելու համաձայնություն, այս պահին չեմ կարող կոնկրետ մարդկանց նշել։ Բայց ասեմ, որ վստահ եմ՝ նախաձեռնությունը կլինի բազմամարդ ու բազմաշերտ, քանի որ դրա առջև դրված նպատակներն առնչվում են թավշյա հեղափոխության ամենահիմնական հռչակումներից մեկին՝ երկրում արդարության ու արդարադատության վերականգմանը և հաստատմանը։ Իսկ հեղափոխությանը մասնակցել են մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ։ Հետևաբար, կարծում եմ, որ մենք մեր նախաձեռնությամբ, ըստ էության, ներկայացնում ենք մեր քաղաքացիների մեծամասնության պահանջը, քանի որ հեղափոխությունը մեծ չափով տեղի է ունեցել առաջին հերթին երկրում խարխլված, ոտնահարված արդարությունը վերականգնելու համար։ Այնպես, որ մոտ ապագայում հանրությունը կտեղեկացվի մեր նախաձեռնության բոլոր անդամների մասին։

-Ըստ էության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահված իրականացնել այն գործառույթները, որոնք պատրաստվում է իրականացնել Ձեր նախաձեռնած շարժումը։ Արդյո՞ք հանձնաժողովի աշխատանքներից դժգոհությունն է պատճառ հանդիսացել, որ ինքներդ եք որոշել ստեղծել համանման գործառույթներ իրականացնող շարժում։

- Ոչ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այլ նաև բազմաթիվ այլ պետական կառավարման մարմիններ, գերատեսչություններ անցած երկու տարիներին պետք է զբաղվեին նրանով, ինչով ցանկանում ենք զբաղվել մենք։ Եվ այդ իմաստով, այո, պետական կառավարման մարմինները, իրավապահ կառույցները տապալել են այդ խնդիրը։ Հիշեցնեմ, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատաիրավական համակարգում համալիր բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությամբ՝ նշելով, որ դրա շրջանակներում պետք է տեղի ունենա դատավորների համատարած վեթինգ։ Սակայն անցած շաբաթ վարչապետի մոտ կայացած քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երկրի ղեկավարին այդ հանձնարարականի կատարման մասին զեկուցելու փոխարեն, նրան ներկայացրեց այն հիմքերը, թե ինչու հնարավոր չէ վեթինգ իրականացնել առանց սահմանադրական փոփոխությունների։

Դա վերջին կաթիլն էր, որը հօդս ցնդեցրեց դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների սպասող մարդկանց հույսերն ու ակնկալիքները։ Բայց եթե իշխանությունը չի ցանկանում կատարել այդ բարեփոխումները, չի նշանակում, որ պետք է համակերպվել դրա հետ։ Հակառակը՝ պետք է ձևակերպել ու ներկայացնել հանրության մեծամասնության այդ պահանջը ու իշխանություններին բոլոր հնարավոր միջոցներով դրդել կատարել իրենց իսկ տված խոստումները։ Այլապես, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, մենք վերջնականապես տանուլ կտանք հեղափոխությունը, որովհետև դրա ամենամեծ դիմադրությունը գտնվում է հենց դատական համակարգում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել