Տեղական և չինական շուկայում բժշկական դիմակների մեծածախ և մանրածախ գները. ԱԺ պատգամավորներից ով է սխալ, ով՝ ճիշտ |fip.am|
12:20 - 20 մայիսի, 2020

Տեղական և չինական շուկայում բժշկական դիմակների մեծածախ և մանրածախ գները. ԱԺ պատգամավորներից ով է սխալ, ով՝ ճիշտ |fip.am|

fip.am: Ազգային ժողովի մայիսի 19-ին հրավիրված արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը համոզմունք հայտնեց, որ բժշկական դիմակի վաճառքից դեղատները գերշահույթ չեն ստանում, քանի որ Չինաստանից ներկրման գինն էլ բարձր է։

Պատգամավորը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած հարցին, թե դեղատները գերշահույթ են ստանում, քանի որ այնտեղ դիմակները սկսում են 220-260 դրամից, Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց. «Ես Ձեզ մարտահրավեր եմ նետում, եկեք ընդմիջմանն իրար հետ Չինաստանի շուկաններն ուսումնասիրենք, եթե դուք այնտեղ 0․33 ցենտից էժան դիմակ կգտնեք, ես կհամաձայնեմ ձեզ հետ, որ Հայաստանում, տիկին Զոհրաբյանի ասած, գերշահույթ են ապահովում դեղատները: Ուսումնասիրել եմ ամբողջ չինական շուկան․ ամենաէժան դիմակը, որը կրում եք, և որը, ի դեպ, անվճար ստացել եք ԱԺ մտնելուց, դրա մեծածախ գինը, ինքնարժեքը 0․33 ցենտ է, որը մոտավորապես 150-160 դրամ է»:

Ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի վերահսկում շուկան, դեղատները ներկայում գերշահույթներ են ստանում. եթե նախկինում դիմակները 30-40 դրամով էին վաճառում, ապա հիմա դիմակների գները սկսում են 220-260 դրամից։ Նիստին դիմակների գնին անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և նշեց, որ դիմակների գները, այո, կապ ունեն առաջարկ-պահանջարկի մասին տնտեսագիտական պնդումների հետ, բայց կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի այս գները կարգավորելու և սահմանաչափեր սահմանելու համար։

Չինական մեծածախ շուկայում 33 ցենտից ավելի էժան բժշկական դիմակներ են առաջարկվում

Ինտերնետ-առևտրի ոլորտում հայտնի չինական alibaba.com կայքում շնչառական դիմակների տարբեր գնային առաջարկներ կան՝ ավելի էժան, քան պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մատնանշած 33 ցենտն է։ Ընդ որում, ինչքան պատվերի քանակը մեծ է, այդքան ավելի էժան կարող են արժենալ դիմակները։ Օրինակ՝ նվազագույնը 20,000 հատ դիմակ պատվիրելու դեպքում կարող ենք մեկ հատ դիմակը ձեռք բերել 20 ցենտով, այսինքն՝ շուրջ 100 դրամով։ 100,000 հատ պատվերի դեպքում նույնիսկ սկսած 8 ցենտով կարելի է դիմակներ գտնել չինական շուկայում։ 

Հատկանշական է, որ բժշկական նշանակության որոշ ապրանքների, այդ թվում՝ նաև դիմակների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից։ 

Պաշտպանիչ դիմակների մանրածախ գները համաշխարհային շուկայումԲացի Հայաստանից, մամուլում ակտիվորեն քննարկվում է նաև համաշխարհային շուկայում դիմակների գնի աճի հարցը։ Այսպես, իտալական աղբյուրները հաղորդում են, որ երկրում պաշտպանիչ դիմակների գները սկսվում են 50 ցենտից՝ չհաշված հարկերը։ Դիմակների առկա պահանջը բավարարելու խնդիր կա նաև Մեծ Բրիտանիայում։ Դեռ մեկ ամիս առաջ բրիտանացի մասնագետները մտավախություն էին հայտնում, որ դիմակների անհրաժեշտ քանակ չի ապահովվի անգամ ոչ տեղական արտադրության, ոչ անգամ Չինաստանից մեծ քանակի դիմակներ ներկրելու դեպքում։

Չինական մի շարք առցանց խանութներում դիմակների վաճառքի մանրածախ գներն ուսումնասիրելով՝ նկատում ենք, որ այստեղ ևս Հայաստանում և Իտալիայում վաճառվող դիմակների գներից տարբերությունը մեծ չէ։

Ի՞նչ գնով են տեղական արտադրողից դիմակներ ձեռք բերում դեղատները և որքանո՞վ վաճառում

«Նատալի ֆարմ» դեղատների ցանցի օնլայն գնացուցակից տեղեկանում ենք, որ մեկ տուփ բժշկական դիմակը՝ 50 հատ, վաճառվում է 11,250 դրամով, այսինքն՝ հատը 225 դրամով։ Փաստացի՝ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդումը, որ դեղատներում դիմակները սկսվում են 220-260 դրամից, ճիշտ են։

Մինչդեռ մեծածախ վաճառքի գինը շատ ավելի էժան է։ Fip.am-ի հետ զրույցում  բժշկական դիմակներ արտադրող հայկական SALUS ընկերության սեփականատեր Ժիրայր Մանդալյանը նշեց, որ արտադրված մեծածախ արտադրանքը դեղատներին 120-130 դրամով են վաճառում։ «Բայց իրենք արդեն 220-230 դրամ են հատը վաճառում, որը, կարծում եմ, բավական շատ է, չգիտեմ ինչքանով է դա արդարացված։ Ես վաճառում եմ 130 դրամով, բայց մեծ քանակի դեպքում արդեն գինը վերանայում եմ, բայց 120-ից չեմ կարող իջնել, որովհետև ինքնարժեքը խախտվում է։ Այսինքն՝ եթե գերշահույթ են ապահովում, ապա մեր կողմից չէ»,- ասաց նա։

Ժիրայր Մանդալյանի խոսքով՝ հնարավոր է շուկայում ավելի էժան էլ արտադրեն, բայց դա արդեն որակի խնդիր է։ «Ավելի էժան դիմակներ կարող են շուկայում գտնվել, բայց անորակ են, ես էլ կարող եմ ավելի էժան դիմակ արտադրել, բայց ինձ թույլ չեմ տալիս։  Կարծում եմ՝ վերահսկողությունը պետք է նախ և առաջ որակի մասով լինի, որովհետև ինչ մատերիալ գտնում են, դնում-արտադրում են, դա ճիշտ չէ։ Առաջինը որակը պետք է նայեն, գնայինն էլ մանրածախը պետք է նայեն, որ համը չհանեն»,- ասաց նա՝ նշելով, որ դիմակի պահանջարկը շարունակվում է մեծ լինել։ 

«Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ բժշկական մեկ դիմակի մեծածախ գինը 150 դրամ է կազմում։ 

«Արտադրողի գերշահույթի մասին խոսք լինել չի կարող, համաշխարհային շուկայում հումքի գինը թանկացել է, մենք ծաղիկ փաթաթելու թուղթն իրա վրա չենք դնում և դիմակ արտադրում, մենք ստանդարտներով ենք կարում՝ պաշտպանիչ ֆիլտրներով»,- ասաց նա և նշեց, որ ԱԺ-ին են վաճառում, քաղաքապետարանին, որոնք էլ մանկապարտեզներին են բաշխել, նաև դեղատներին։

Եզեկյանը պնդեց, որ իրենց արտադրանքի գինը Չինաստանի մեծածախ գնից էժան է՝ երկրորդելով Սիսակ Գաբրիելյանին, որ մեծածախ գինը 33 ցենտից պակաս չկա, բայց երբ պնդեցինք, որ ավելի էժանն էլ կարող են գտել, նշեց, որ ինքը նկատի ունի այն որակը, որն իրենք են արտադրում։ «Այն արտադրանքը, որ մենք ունենք, Չինաստանում ավելի թանկ է, այսինքն՝ կախված է հումքից, քանի շերտ է»,- ասաց նա։ 

Իսկ հարցին, թե չի՞ կարծում, որ մանրածախ վաճառքում 100 դրամը գերշահույթ է, Միքայել Եզեկյանը նշեց, որ չէր ցանկանա ինքը խոսել դրա մասին. «Եթե արտադրողը ստանում է շահույթ 20-30 դրամ, իսկ իրացնողը 100 դրամից ավել, այսինքն՝ հիմնական ծախսը կրում է արտադրողը, ինչի մասին է խոսքը»։   

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդումը, որ դեղատները դիմակի վաճառքից գերշահույթ են ստանում, իրականությանը մոտ է, քանի որ եթե տեղական արտադրողից գնում են 130-150 դրամով և վաճառում նվազագույնը 220-260 դրամով, ապա շուրջ 100 դրամ միջնորդավճարը բավական բարձր է։ Մանրածախ գինը բարձր է նաև ներկրման դեպքում, եթե դիմակի հատը նույնիսկ 100 դրամից ավել գնով է ներկրվել։ 

Միաժամանակ, պետք է նշել, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի վստահ պնդումն էլ ճիշտ չէ, քանի որ իր նշած գնից շատ ավելի էժան առաջարկներ կան չինական շուկայում։ 

Նելլի Լազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել