Սիսիանի ոստիկանապետի ժ/պ-ի դեմ գործընթացները ուղղորդված են մեկ անձի կողմից. փաստաբանը մանրամասնում է |armtimes.com|
14:40 - 20 մայիսի, 2020

Սիսիանի ոստիկանապետի ժ/պ-ի դեմ գործընթացները ուղղորդված են մեկ անձի կողմից. փաստաբանը մանրամասնում է |armtimes.com|

armtimes.com: Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի դեմ գործընթացները ուղղորդված են մեկ անձի կողմից:

Այս մասին ասաց Գարիկ Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ  դրանք սկսվել են այն բանից հետո, երբ նա բացահայտել է հափշտակության դեպքեր, որոնց առնչվել են Սիսիանի որոշ պաշտոնատար անձինք:

Ապրիլի 6-ին եւ 7-ին Սիսիանում գրանցվել էին միջադեպեր, որոնց կիզակետում շոշափվում էր Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի անունը: Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը պատմել էր, որ տեղաշարժման թերթիկի վերաբերյալ ծագած միջադեպի ժամանակ ոստիկանապետի պաշտոնակատարը բռնություն է գործադրել Հարությունյանի, նրա հոր եւ հորեղբոր որդու նկատմամբ:

Վերջիններիս բերման ենթարկվելուց հետո ոստիկանության բաժնի դիմաց հավաքվել էին նրանց մտերիմ մարդիկ, որոնք, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, տեւական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը եւ ոստիկանության ծառայողների նկատմամբ գործադրել առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Այդ դեպքի առթիվ Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի  նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

Մեկ այլ դեպքի մասին էլ ահազանգել էր Սիսիանի բնակիչ 64-ամյա Գառնիկ Սիմոնյանը, որը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին գողության կասկածանքով, եւ այնտեղ, ըստ նրա փաստաբան Լուսինե Զեյնալյանի, նրա նկատմամբ  բռնություն են գործադրել ոստիկանները, այդ թվում՝ նույն Գարիկ Մուրադյանը: Թե Գառնիկ Սիմոնյանը, թե Արմեն Հարությունյանը հաղորդումներ էին ներկայացրել իրենց ենթադրյալ բռնության ենթարկվելու վերաբերյալ, որոնց հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել են 2 տարբեր քրեական գործեր, նրանք ճանաչվել են տուժող: Հետագայում պարզ էր դարձել նաեւ, որ Գարիկ Մուրադյանի դեմ հաղորդումներ են ներկայացրել Սիսիանի այլ քաղաքացիներ եւս: Վերջինիս փաստաբանը, սակայն, հայտարարությամբ հերքել էր ենթադրյալ բռնության մասին տեղեկությունները:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ զրուցել ենք Մուրադյանի շուրջ տեղի ունեցող այս գործընթացներից.

- Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ փուլում են Գարիկ Մուրադյանի դեմ ներկայացված հաղորդումները:

- Դրանցից մեկի՝ Արամ Զիլֆուղարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, իսկ Գուրգեն Վարդանովի հաղորդման հիման վրա բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունները անցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Երկու դեպքում էլ հիմքը հանցակազմի բացակայությունն է: Մնացած դեպքերով ընթանում է նախաքննություն:

- Դրանց անդրադառնանք առանձին-առանձին. Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանի փաստաբանները նախ նշեցին, որ նա բռնության է ենթարկվել Գարիկ Մուրադյանի կողմից, ապա նաեւ, որ հնչել են զենքի, էլեկտրաշոկի սպառնալիքներ: Առնչվե՞լ է արդյոք Ձեր վստահորդը Գառնիկ Սիմոնյանին, եւ ի՞նչ միջադեպ է եղել նրանց միջեւ:

- Առնչվել է ի պաշտոնե, իր աշխատասենյակում, սակայն, բնականաբար, որեւէ բռնության դեպք տեղի չի ունեցել, իրենց հարաբերությունները ամբողջությամբ փաստաթղթավորված են ոստիկանության բաժնում: Ես մի հետաքրքիր բան ասեմ.  նախնական զրույցներում պապիկը մատնանշում էր իր դեմքի վնասվածքները եւ ասում, որ դրանք պատճառել է Գարիկ Մուրադյանը, հետագայում, սակայն, երբ մենք հերքող հայտարարությամբ հանդես եկանք եւ ապացույցների հղում արեցինք՝ չբացահայտելով դրանք, իրենք հավանաբար հասկացան, թե մենք ինչ ապացույցներ նկատի ունենք, ինչի ենք տիրապետում, դրա համար հընթացս՝ մեր հայտարարությունից հետո իրենց դիրքորոշումը փոխվեց, եւ պարզվեց, որ ոչ թե դեմքի բոլոր վնասվածքներն է պատճառել Գարիկ Մուրադյանը, այլ միայն ականջների շրջանում եղածները:

- Ի՞նչ ապացույցների մասին է խոսքը:

- Չեմ կարող ասել, քանի որ դրանք մենք քննիչին ենք տրամադրելու, դեռեւս չենք տրամադրել, բայց ես գիտեմ, որ իրենք գիտեն, թե մենք ինչի մասին ենք խոսում:

- Այդ դեպքում ինչո՞ւ էր Գառնիկ Սիմոնյանը Ոստիկանությունից հետո հիվանդանոցում հայտնվել:

- Այ դա ամենահետաքրքիր հարցն է, որի հասցեատերը ես չեմ: Պարզ է, որ կրկին «զուտ պատահականորեն» իր հիվանդանոցում հայտնվելու դեպքը համընկել է ոստիկանության բաժնի դիմաց մասսայական հավաքի դեպքին, այսինքն՝ սկզբում հայտնվում են Ոստիկանության բաժին տարված երկու անձինք, դրանից կարճ ժամանակ անց դիմում է նաեւ պապիկը. այդպիսի պատահականություններ չկան, ես դրանց չեմ հավատում:

- Բայց Գառնիկ պապի դեպքը ապրիլի 6-ին էր եղել, իսկ հավաքը ապրիլի 7-ին էր:

- Այո, բայց հիվանդանոց դիմելը հաջորդել է հավաքին: Ըստ իր հաղորդման՝ Գառնիկ Սիմոնյանը բռնության է ենթարկվել հավաքից մեկ օր առաջ, սակայն հիվանդանոց է դիմել հաջորդ օրը՝ հավաքից հետո, չգիտես ինչու՝ նախորդ օրը չի դիմել:

- Իսկ ի՞նչ առնչություն է ունեցել Գարիկ Մուրադյանը Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, ինչի՞ց է սկսվել նրանց վիճաբանությունը:

- Մարտին Հարությունյանին եւ նրա հորեղբոր որդուն բերման ենթարկելու գործընթացը ոստիկանության աշխատակիցներին է առնչվում, այդ պատճառով ես չեմ ուզում շատ փակագծեր բացել: Երբ նրանց կանգնեցրել են եւ տեղաշարժման թերթիկ ուզել, ավագանու անդամը, ըստ ինձ հասած տեղեկությունների, շատ կոպիտ է պատասխանել, ընդհուպ մինչեւ ասել՝ «ով էր երբեւիցե իրեն Սիսիան քաղաքում կանգնեցրել, որ ներկայումս ոստիկանը համարձակվում է կանգնեցնել, մի հատ էլ տեղաշարժման թերթիկ պահանջել»:

Դրանից հետո, երբ կրկին այդ մասով անցել են, ոստիկանը կրկին կանգնեցրել է ավտոմեքենան, նույն պահանջը ներկայացրել եւ նույն պատասխանը ստացել: Պատկերացրեք՝ այդ գործողությունների ընթացքում, երբ ոստիկանը մոտեցել է, խոսելիս է եղել, այդ անձը քշել գնացել է, անգամ չի լսել, թե ինչ են ասում, այսինքն՝ ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել ոստիկանության աշխատակիցների եւ նրանց օրինական պահանջի նկատմամբ:

Դեպքը զեկուցվել է Գարիկ Մուրադյանին, եւ նա աշխատակիցների հետ միասին գնացել է, այդ անձանց բերման ենթարկելու: Գնացել են մի քանի հոգով՝ հաշվի առնելով այդ անձանց դերը, դիրքը Սիսիան քաղաքում, եւ այդ բերման ենթարկելու ընթացքում վիճաբանություն, քաշքշուկ է առաջացել, քանի որ ավագանու անդամի հայրը, հորեղբորորդին խոչընդոտել են նրանց գործողություններին, սեռական հայհոյանքներ հնչեցրել Գարիկ Մուրադյանի հասցեին: Ամեն դեպքում, այդ պայմաններում նրանք բերման են ենթարկվել Ոստիկանություն, իսկ բերման ենթարկելը հարկադիր գործողություն է, եւ դրա ընթացքում ոստիկանները իրավունք ունեն նաեւ ուժ կիրառելու, ես չեմ ասում, թե ուժ է կիրառվել, բայց եթե անգամ կիրառված լինի, ապա դա իրավաչափ է եղել:

-Նկատի ունեք այն վնասվածքնե՞րը, որ նրանք, իրենց փաստաբանների պնդմամբ, ստացել են այդ ժամանակ:

- Որքանով գիտեմ, իրենք են ասում, որ վնասվածքներն այդ ժամանակ են ստացել, բայց եթե անգամ այդպես է, ապա դա իրավաչափ ուժի կիրառման արդյունք է, որեւէ սահմանի անցում տեղի չի ունեցել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել