Առաջարկվում է սեպտեմբերի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում բացառապես անկանխիկ եղանակով փոխանցել կենսաթոշակը |hetq.am|
16:40 - 20 մայիսի, 2020

Առաջարկվում է սեպտեմբերի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում բացառապես անկանխիկ եղանակով փոխանցել կենսաթոշակը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է անցնել կենսաթոշակների վճարման միայն անկանխիկ եղանակի:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ապրիլի 15-ին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի խոսքով` պատգամավորներն առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացրել, առաջարկներ եղել են գործադիրից:

Նախագծով առաջարկվում է այս տարվա հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում անցնել բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակը փոխանցելու կարգին: Կառավարությունն առաջարկում է «հուլիսի 1» ժամկետը փոխարինել «սեպտեմբերի 1» ժամկետով` առկա իրողությամբ պայմանավորված:

Խորհրդարանի տեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձագանքեց` անկանխիկ վճարային եղանակին անցնելու այս պրոցեսը սահուն չի կազմակերպվում, ավելի ճիշտ կլիներ համայնքներում բանկային ենթակառուցվածքները զարգանային, նոր անցում լիներ: Փոխնախարարը պատասխանեց` Կառավարությունն ընտրել է փուլային տարբերակը. նախ այդ համակարգին անցնում են խոշոր քաղաքները, ապա խոշոր գյուղերը, և վերջում` փոքր գյուղերը: Եթե այս ընթացքում բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդիր լինի, ապա ժամկետների փոփոխություն կլինի:

«Եթե ուզում ենք, որ մարդիկ առանց լրացուցիչ դժվարությունների անցնեն անկանխիկ եղանակի, պետք է այդ պահանջը իմպերատիվ լինի այն մարդկանց համար, ովքեր նոր են թոշակի անցնում, իսկ գործող թոշակառուների համար ընտրության հնարավորություն պիտի լինի»,-ասաց Բաբկեն Թունյանը:

Փոխնախարարն արձագանքեց, որ Կառավարությունը հակված է քննարկվող տարբերակին, և հավելեց` այն ազդակ է լինելու նաև բանկային համակարգի համար` համայնքներում ենթակառուցվածնքների զարգացման համար:

Նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը` ընդգրկվելով քառօրյա նիստերի օրակարգ:

Առանձին կատեգորիայի անձինք, ինչպես 75 և ավելի տարեկան թոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն և շարժունակության խնդիր ունեցողները, կարող են իրենց դիմումների հիման վրա ընտրել կանխիկ փոխանցման տարբերակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել