Հայաստանում մենաշնորհները հաղթահարել ենք, եւ մենք հրավիրում ենք բոլորին՝ ներդրումներ անելու ՀՀ-ում․ վարչապետ |armtimes.com|
13:58 - 21 մայիսի, 2020

Հայաստանում մենաշնորհները հաղթահարել ենք, եւ մենք հրավիրում ենք բոլորին՝ ներդրումներ անելու ՀՀ-ում․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիման վրա իրականացվելիք «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի մասնակիցներին ներկայացվող նախաորակավորման պահանջները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ «Մասդար» ընկերությունը ներդրումային ծրագրի առաջարկ էր արել եւ առաջարկել էր գին, որն այդ պահին միջազգային ստանդարտներով բավական ցածր էր:

«Այս մրցույթի իմաստը հետեւյալն է՝ ՀՀ-ն հայտարարում է, որ ինքը «Մասդար» ընկերությունից ստացել է այսպիսի առաջարկ, ո՞ր ընկերությունն է, որ կարող է ավելի լավ առաջարկով հանդես գալ, բայց «Մասդար» ընկերությունն ունենալու է նախապատվություն»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ նման պրակտիկա ՀՀ-ում չի եղել, եւ հույս կա, որ ՀՀ-ն այս մրցույթով կստանա իր համար շահավետ տարբերակներ, եւ պետք է փորձել այսպիսի մրցութային կարգերը կիրառել հնարավորինս լայն, որպեսզի մրցակցությունը պահպանվի:

«Սա կարեւոր է Հայաստանի տնտեսական իմիջի համար եւ սա շատ հստակ ուղերձ է բոլոր հնարավոր ներդրողներին, որ մենք իսկապես Հայաստանում մենաշնորհները հաղթահարել ենք եւ հրավիրում ենք բոլորին՝ ներդրումներ անելու ՀՀ-ում, ամեն ինչ անում ենք՝ այդ ներդրումների անվտանգությունն ապահովելու համար: Մեր ներդրումային միջավայրի համար չափազանց կարեւոր է, որ մենք արբիտրաժի գործուն մեխանիզմը ներդնենք: 2018 թվականի ամռանից այս թեման քննարկվում է, ես մի քանի հանձնարարականներ եմ տվել, շատ կարեւոր է, որ աշխատող մեխանիզմ ներդրվի: Կարելի է ասել՝ բա ինչո՞ւ մինչեւ հիմա արբիտրաժ չկա: Չկա մի պարզ պատճառով. մենք ուզում ենք համոզված լինել, որ ճիշտ մոդելն ենք ընտրում, եւ համակարգը գործադրելուց հետո աշխատելու է»,- նշեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել